31 հունվարի 2026 – 11:05 AMT
PanARMENIAN.Net – Վաղարշապատի քաղաքային իշխանությունը, իշխանության գալուց հետո, որպես առաջնային քայլ, որոշում է կայացրել բարձրացնել համայնքի ղեկավարության աշխատավարձերը։ Այդ մասին ասել է Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը, հայտնում է Aysor.am-ը:
«Վաղարշապատում իշխանության առաջին քայլերից մեկը սեփական աշխատավարձերի բարձրացումն էր։ Ավագանու նիստում համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի աշխատավարձը բարձրացվել է 20 տոկոսով՝ 590,000 դրամից հասնելով 710,000 դրամի։ 20 տոկոսով բարձրացվել են նաև համայնքի ղեկավարի տեղակալների և խորհրդականների աշխատավարձերը, համայնքապետարանի ավելի ցածր դասի աշխատողների աշխատավարձերի բարձրացումը կազմել է միջինում 5 տոկոս։ Իսկ անվտանգության աշխատակիցների և մաքրուհիների աշխատավարձը մնացել է նույնը»,– ասել է նա:
Նրա խոսքով՝ քաղաքացիները տեղեկացված չեն, որ քաղաքի բազմապիսի խնդիրների լուծման փոխարեն իշխանությունն ընտրել է սեփական վարձատրության հարցը․
«Եթե քաղաքացին անձամբ չի մասնակցում ավագանու նիստերին, ապա չի էլ կարող իմանալ, թե ինչ որոշումներ են ընդունվում։ Այլ տարբերակ չկա, քան քաղաքապետարանին պաշտոնական հարցում ուղարկելը կամ սպասելը, որ ավագանու անդամները բարձրաձայնեն այդ թեմաները։ Մենք՝ որպես ընդդիմադիր ավագանի, հենց դա էլ անում ենք՝ բարձրաձայնում ենք, որպեսզի քաղաքացիները տեղեկացված լինեն։
Ըստ օրենսդրության, 75,000 և ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատավարձը կարող է լինել Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի մինչև 85․5 տոկոսի չափով։ Սակայն օրենքում նշված չէ, որ դա պարտադիր առավելագույնն է, և նվազագույն շեմ նույնպես սահմանված չէ։ Այսինքն՝ կար հնարավորություն կամ ընդհանրապես չբարձրացնել աշխատավարձը, կամ բարձրացնել նվազագույն չափով։
Մենք այդ հարցը բարձրացրինք՝ ինչու է ընտրվել հենց առավելագույն՝ 85․5 տոկոսը։ Քմծիծաղով պատասխանեցին․ «Այդպես ենք որոշել»։ Քանի որ իրենք ավագանու մեծամասնությունն են, մեր «դեմ» քվեարկությանը հակառակ, նախագիծն ընդունվել է»,– պատմել է ավագանու անդամը։
Վաղարշապատի իշխանությունը մեկ այլ որոշմամբ ավելացրել է նաև համայնքի մանկապարտեզների երկարօրյա խմբերի վճարները՝ առաջացնելով լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն բնակիչների, հատկապես երիտասարդ ընտանիքների համար։
«Ըստ 2025 թվականի բյուջեի, մանկապարտեզի երկարօրյա խմբի վարձը սահմանված էր 12,000 դրամ, բայց, ըստ էության, այդ դրույթը չի գործել, իսկ քաղաքապետը հստակ պարզաբանում չտվեց՝ ինչու։ Այժմ որոշում է կայացվել, որ վճարը դառնա 15,000 դրամ։
Մանկապարտեզների վճարը բարձրացնելու որևէ հիմնավորում չի ներկայացվել, դա պարզապես իշխանության քաղաքական ձեռագիրն է՝ ամեն ինչ թանկացնել։ Երբ 2025 թվականին տեղի ունեցավ համայնքների միացումը, պետական բյուջեից Վաղարշապատ համայնքին հատկացվեց մոտ 3․6 միլիարդ դրամ դոտացիա։ Միևնույն ժամանակ, մանկապարտեզների համար քաղաքացիներից գանձվող գումարը կազմում է մոտ 200 միլիոն դրամ, մինչդեռ բյուջեից դրանց սուբսիդավորումը հասնում է մոտ 800-860 միլիոն դրամի։ Այդ նույն ժամանակ 2026 թվականի բյուջեով մոտ 230 միլիոն դրամ նախատեսվում է պարգևավճարների համար։
Այս ամենը ցույց է տալիս, որ լիովին հնարավոր է այդ գումարների վերաբաշխման հաշվին մանկապարտեզները դարձնել անվճար՝ մոտ 2000 երեխայի համար, ինչը համայնքի համար մեծ, բայց իրագործելի քայլ է։ Դեռևս նախընտրական շրջանում խոստացել էինք Վաղարշապատ համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար, և նախագիծն արդեն իսկ ներկայացրել ենք ավագանու հաստատմանը»,– ասել է Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ շարունակելու են իրազեկման գործընթացը, քանի որ իրենց բարձրացրած խնդիրներից հետո քաղաքապետարանը որոշ դեպքերում հետքայլ է կատարել։