Լրագրող Ռամոն Ալվարեսի տեղեկություններով՝ իսպանացի Ունաի Էմերին կարող է ստանձնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Ըստ աղբյուրի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին Ալվարո Արբելոայի հնարավոր պաշտոնանկության դեպքում «Ռեալը» որպես հիմնական թեկնածու դիտարկում է հենց Էմերիին։ Հաղորդվում է, որ ակումբի ներկայացուցիչներն օրեր առաջ կապ են հաստատել 54-ամյա մասնագետի հետ՝ քննարկելու նրա հնարավոր նշանակումը։
Ալվարո Արբելոան «Ռեալի» գլխավոր մարզիչ է դարձել հունվարի 12-ին՝ Խաբի Ալոնսոյի հրաժարականից հետո։
Ունաի Էմերին 2022 թվականից գլխավորում է «Ասթոն Վիլան»։ Նախկինում նա մարզել է «Վիլյառեալը», «Արսենալը», ՊՍԺ-ն, «Սպարտակը»։
Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանում «Ռեալը» 21 տուրից հետո վաստակել է 51 միավոր և Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով մադրիդցիները 15 միավորով 9-րդ տեղից դուրս են եկել անցումային փլեյ-օֆֆ: