ԱՄՆ հարվածային նավատորմը Իրանի ափերի մոտ. Թրամփը Թեհրանից գործարք է պահանջում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հարվածել Իրանին, եթե Թեհրանը չհամաձայնի միջուկային համաձայնագիր կնքել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բաց են բանակցությունների համար, սակայն նաեւ պատրաստ են պատասխանել ագրեսիայն։

ԱՄՆ նախագահն առաջին անգամը չէ, որ սպառնում է Իրանին եւ ներկայումս ուսումնասիրում է Իրանի դեմ հարվածների տարբեր տարբերակներ, հայտնում է BBC-ին։

«Հուսով եմ, որ Իրանն արագ «կնստի բանակցությունների սեղանի շուրջը» և կհամաձայնի արդար ու իրավահավասար գործարքի՝ ՈՉ ՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ,  որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին։ Ժամանակը սպառվում է»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

2018 թվականին` առաջին նախագահական ժամկետի ընթացքում, Թրամփը դուրս էր եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից։

Նախօրեին նա հայտնել է, որ Իրանին է մոտենում «հսկայական արմադա»․ «Սա «Աբրահամ Լինքոլն» հզոր ավիակրի գլխավորությամբ ավելի մեծ նավատորմ է, քան այն, որը ուղարկվել էր Վենեսուելա»։

Պարսից ծոց` Իրանի ափերի մոտ, արդեն ժամանել է ԱՄՆ ավիակրային հարվածային խումբը։ Առայժմ անհայտ է՝ արդյո՞ք Թրամփը կկատարի սպառնալիքները, սակայն, ինչպես կարծում են ռազմական մեկնաբանները, հարվածի համար անհրաժեշտ ուժերն արդեն կենտրոնացված են։

Անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ը` Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում, հարվածներ էր հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ Այն ժամանակ Թրամփը հայտարարում էր, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացված է։

Հունվարին Իրանում տեղի ունեցած լայնածավալ հակակառավարական բողոքի ընթացքում Թրամփը սպառնում էր ռազմական ուժ կիրառել` ի պատասխան դրանք բռնությամբ ճնշելու իշխանությունների ջանքերի, սակայն հետագայում հրաժարվեց այդ մտքից։ Այժմ նա բողոքի ցույցերի մասին չի հիշատակում, թեև երեք շաբաթ առաջ ցուցարարներին կոչ էր անում շարունակել պայքարը և վստահեցնում, որ «օգնությունն արդեն ճանապարհին է»։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի վրա նոր հարվածը, եթե Թեհրանը հրաժարվի գործարքից, կլինի «անհամեմատ ավելի վատ», քան անցյալ ամռանը ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածն էր։

Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թրամփը ուսումնասիրում է Իրանի դեմ հարվածների նոր տարբերակներ։

CNN-ի և Reuters-ի տեղեկություններով՝ տարբերակների թվում են հարվածները Իսլամական Հանրապետության ղեկավարության և անվտանգության ուժերի աշխատակիցների, ինչպես նաև միջուկային օբյեկտներին և պետական հաստատությունների վրա։

Թեհրանը խոստացել է պատասխանել Վաշինգտոնի հնարավոր հարվածին։  Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի խոսքով՝ պատասխանն ուղղված կլինի ոչ միայն ԱՄՆ-ի և Իսրայելի, այլ նաև բոլոր այն երկրների դեմ, որոնք կաջակցեն ագրեսիային։

Leave a Comment