Նոր դիտակայաններ, արտանետումների կրճատում, բայց նաև հսկայական «կափարիչ»․ ինչո՞ւ է Երևանի օդը կեղտոտվում հատկապես ձմռանը

Երևանում շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում աշխատող բոլոր տնտեսվարողների համար 2025-ի դեկտեմբերի 1-ից պարտադիր դարձավ փոշենստեցնող սարքերի կիրառումը։ 2026-ի սեպտեմբերից այս պահանջը ուժի մեջ կմտնի նաև մարզերում գործող տնտեսվարողների համար։ Այս որոշման մասին տարեկան ամփոփոիչ ասուլիսի ժամանակ ասել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ օդի աղտոտվածությունը Հայաստանում մնում է ամենազգայուն խնդիրներից մեկը և դրա լուծման համար կառավարությունը հաստատել է  2025-2030 թթ․ համալիր միջոցառումների ծրագիրը։ Մաթևոսյանը ուշադրություն է հրավիրում հատկապես մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի  համակարգի արդիականացման վրա․

«Ձեռք բերված  2 ավտոմատ դիտակայաններն արդեն տեղադրվել են Երևանում, շուտով կստանանք դրանց տվյալները։ Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության և Ճապոնիայի կառավարության միջև ստորագրվել է դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր՝ ևս 3 դիտակայանի համար ժամանակակից ավտոմատ սարքավորումներ ձեռք բերելու և Երևանում տեղադրելու համար։ Եվս 1 դիտակայան՝ արդեն  պետական բյուջեից ֆինանսավորվող, մենք կփորձենք ձեռք բերելել այս տարի»։

Առաջիկա ամիսներին, ընդհանուր հաշվարկով, կառավարությունը ձեռք կբերի վեց նոր դիտակայան․

«Երևանում կունենանք օդի որակի ամբողջական մոնիտորինգի հնարավորություն»։

Նախարարի այս հայտարարություններին գրեթե զուգահեռ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է՝ օդի աղտոտվածության խնդիրը միշտ է եղել, բայց խոշորացույցի տակ հայտնվել է միայն վերջին տարիներին․

«Այս խնդիրը մենք ունեցել ենք տասնամյակներով, երբևէ չենք խոսել սրա մասին, երբևէ չենք խորացել, բոլորը երջանիկ ապրել են։ 90-ականներին, ով ինչ ասես, ինչ հնարավոր էր, այրել է տներում, ու էսպես ապրել ենք, հասել ենք էսօրվան, երբ  իրականում խորացված ուսումնասիրում ենք խնդիրը, որը որ մեզ հետ եղել է տասնամյակներով»։

Ավինյանի մատնանշած մանրամասն ուսումնասիրությունը Երևանի օդի որակի մասին զեկույցն է։ Քաղաքապետարանի աշխատակազմի առանձին գործառույթներ կատարող խորհրդատու Տիգրան Արզումանյանի խոսքով՝ դեկտեմբերից ուսումնասիրում են օդի որակի ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության տակ  գտնվող չափիչ սարքերի, այլև տարածաշրջանի այլ երկրների համապատասխան տվյալները՝ հասկանալու օդի աղտոտվածության բոլոր հնարավոր պատճառները։ Արզումանյանը ինֆոգրաֆիկաներով ցույց է տալիս 2010–ից օդի որակի փոփոխման պատկերը․

«Այսպես կարող է թվալ, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, բայց միևնույն ժամանակ, երբ մենք ավելի խոշորացնում ենք ու գալիս ենք արդեն մեր քաղաքապետարանի սարքերից հավաքագրված տվյալներին, տեսնում ենք այն, ինչի մասին մենք շատ ենք խոսում վերջերս։ Քաղաքապետարանի մեկուկես տարվա ռետրոսպեկտիվ տվյալներն ենք հավաքագրել այստեղ, դուք կարող եք տեսնել, որ փաստացիորեն մեզ մոտ միշտ սեզոնային աճ կա»։

Օդի վատ որակի գլխավոր պատճառը արտանետումներն են՝ նկատում է Արզումանյանը։ Մեծ է նաև տարածաշրջանի մյուս երկրների ազդեցությունը․

«Պատկերը զգալիորեն ավելի վատանում է, երբ մենք անդրադառնում ենք արդեն ընդհանուր տարածաշրջանային վիճակին, որտեղից փաստացիորեն մենք ունենք բավական զգալի մեծ ճնշում։ Խոսքը հիմնականում մեծ կտորներըի մասին է, ինչը կնվազի, եթե օրինակ, ասիական կողմից Իրանը նաև ներառված է, նվազեցնի իր արտանետումները 15 %-ով։ Հարևան երկրների ցուցանիշները գրեթե 2 անգամ և ավելի գերազանցում են մեր սեփական արտանետումների քանակը»։

Հետազոտողները պատասխանել են նաև հասարակությանը ամենաշատը հուզող հարցին․ ինչո՞ւ է օդի որակը վատանում հատկապես ձմռանը։ Տիգրան Արզումանյանի խոսքով՝ պատասխանը Երևանի աշխարհագրական դիրքն է․

«Մենք  մեր Երևանի վրա օդային ավազան ունենք, որը, մեծ հաշվով, կարծես  կափարիչի կամ առաստաղի ֆունկցիա է կատարում, որը մենք չենք կառավարում։ Ամառներին այդ մթնոլորտային շերտը բավական բարձր է, և մենք ունենում ենք նորմալ կոնվենցիա,  նորմալ հորիզոնտալ քամիներ։ Երբ օդը սեղմվում է մթնոլորտային սահմանային շերտի անկումից, փաստացիորեն տեղի է ունենում կոնցենտրացիայի աճ, ու մեր սարքերը սկսում են ցույց տալ մանուշակագույն ինդեքսը, որը մի քանի տասնյակ անգամ գերազանղում է նորման»։

Տիգրան Ավինյանը նկատում է՝ ուսումնասիրությունը հնարավոր է դարձել քաղաքապետարանի երկու տարի առաջ կայացրած որոշմամբ։ Դրանով 4-րդ ռիսկայնության կառուցապատման օբյեկտներին և նույն ռիսկայնության շինթույլտվություն ստացած կառուցապատողներին պարտադրվել է օդի որակի չափիչ սարքեր տեղադրելու։ Դրանք այս պահին 180-ն են․

«Դրանցով մենք հավաքագրում ենք տվյալներ արդեն երկրորդ տարին անընդմեջ, որի հիմքով նաև մենք կարողանում ենք որոշակի վերլուծություններ անել։ Այդ տվյալները մեզ հնարավորություն են տվել արհեստական բանականության միջոցով նաև չափելու օդի որակի ցուցանիշները նախորդ ժամանակահատվածի համար»։

Այժմ ակնկալվում է, որ հաջորդ զեկույցները կլինեն խնդրի լուծման տարբերակների մասին։ Երևանի քաղաքապետը վստահեցնում է, որ օդի որակի չափիչ սարքերը մայրաքաղաքում կավելանան։

Leave a Comment