Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025-ի հազար խոշոր հարկատուների ցանկը։ Այն գլխավորում է «Մոբայլ Սենթր Արթ»-ը, երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է, երրորդում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցանկը գլխավորող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը նախորդ տարվա ընթացքում այնքան էր զիջել դիրքերը, որ 2025 թ. առաջին եռամսյակում ներառված չէր անգամ առաջատար տասնյակի մեջ։ Կիսամյակային տվյալներով արդեն ընկերությունը 6-րդ հորիզոնականում էր, իսկ տարեկան արդյունքներով՝ Հայաստանի երրորդ խոշոր հարկատուն։ 2025-ին բոլոր հարկատեսակների մասով աճ է արձանագրվել։ Մտահոգիչ խնդիր շարունակում է մնալ հարկատուների գերկենտրոնացվածությունը Երևանում։
2025-ի ընթացքում պետությանը ամենաշատ հարկը վճարել է տեխնիկայի, մասնավորապես հեռախոսների առուվաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում երկրորդն էր, իսկ կիսամյակային և իննամսյա կտրվածքով արդեն առաջին խոշոր հարկատուն էր։
Ընկերությունը 2025-ին շուրջ 78 (77,90) մլրդ դրամ հարկ է վճարել։ Նախորդ տարվա համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են մոտ 17 %-ով։ Երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակո»-ն է, երրորդը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ համապատասխանաբար 66 և 52 մլրդ դրամ պետական բյուջե վճարած հարկերով: Խոշոր հարկատուների ցանկում գրանցված փոփոխություններից մի քանիսն առանձնացրել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը․
«Չնայած ընդհանուր առմամբ 1.000 խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են, որոշակի անկում է գրանցվել առաջին 10 խոշոր հարկատուների վճարված հարկերի մասով։ 10 խոշոր հարկատուները միասին վճարել են 409, 7 մլրդ դրամ․ գումարը նախորդ տարվա համեմատ նվազել է 15,3 մլրդ դրամով կամ 3,6 %-ով։ Անկումը հիմնականում պայմանավորված է եղել ԶՊՄԿ-ի վճարած հարկերի նվազմամբ, որի հետևանքով կոմբինատը որոշակիորեն զիջել է դիրքերը` զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Նշեմ, որ նախորդ տարի եղել է առաջատարը»։
2024-ի համեմատ ԶՊՄԿ-ի վճարած հարկերը գրեթե կիսով չափ նվազել են։ Այս ընկերությունը հիմնականում վճարում է ուղղակի հարկեր՝ շահութահարկ և ռոյալթի։ Տնտեսագետն արձանագրում է՝ մյուս խոշոր հարկատուների մեծ մասը ԱԱՀ է վճարել։ Եթե հանքարդյունաբերական ընկերության վճարած հարկերը նվազել են, ապա ավելացել են տեխնիկայի ներմուծմամբ, առևտրային գործունեությամբ զբաղվող ու ՏՏ ընկերությունների հարկերը։
«Տասնյակի մասնաբաժինն ամբողջ ծավալում կազմել է 21 %, ինչը 2017-ից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է։ Վերջինս որոշակի դրական ազդակ է տնտեսական մրցունակության և շուկայի դիվերսիֆիկացիայի, ինչպես նաև վարկերի հավաքագրման կենտրոնացվածության թուլացման տեսանկյունից»։
Առաջին տասնյակում նաև երկու բանկեր են՝ Արդշինբանկն ու Ամերիաբանկը։ Տասնյակը եզրափակում է բուքմեյքերական գործունեությամբ զվաղվող «Սոֆթ Կոնստրակտ»-ը։ ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը կարծում է, որ խոշոր հարկատուների ցանկն ու գրանցած արդյունքը համահունչ է Հայաստանի տնտեսական զարգացումներին։
«Առաջին տասնյակում նաև տեխնոլոգիական լուծումներ ունեցող ընկերություններ են՝ «Դիջիթեյն»-ը և «Սոֆթ Կոնստրակտը»։ Այդ ընկերությունները խաղային լուծումներով են հայտնի, բայց նրանց ներգրավվածությունը կարևոր է այն առումով, որ իրենց ծրագրային լուծումները պահանջված են նաև արտերկրում։ Այս կազմակերպությունները, խոշոր հաշվով, իրենց ստեղծած արդյունքի մեծ մասը ստանում են դրսից, այսինքն` արտահանման արդյունքով։ Սա նույնպես, իմ կարծիքով, կարևոր առաջընթաց է»։
1․000 խոշոր հարկատուները 2025 թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել շուրջ 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամ: 2024-ի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 10 %-ով կամ շուրջ 174 մլրդ դրամով։ Աճը պայմանավորված է թե՛ հարկային, թե՛ մաքսային վճարների ավելացմամբ։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյան․ «2025-ին հարկային մարմին վճարվել է ավելի քան 1տրլն 580 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմին` 366 մլրդ 204 մլն դրամ»։
Տնտեսագետ Սոս Խաչիկյանը կարծում է, որ 2024-ի համեմատ մոտ 10 %-ով ավելի շատ հարկ վճարելը պայմանավորված է ստվերի կրճատմամբ և հարկային վարչարարության բարելավմամբ։
«Տնտեսությունում կա դրամի շրջապտույտ, բավական մեծ ծավալներով շրջանառություն, նաև Կենտրոնական բանկի տվյալներն են դա վկայում, կառավարության տարբեր ծրագրերը և այլն։ Այսպես որ, դիտարկում ենք, կարծում եմ, տնտեսական աճը, հարկային վարչարարությունը նպաստել են մոտավորապես 10 % աճին»։
2025-ին բոլոր հարկատեսակների վճարման գծով աճ է գրանցվել։ Ամենաբարձր տեսակարար կշիռն ունի ԱԱՀ-ն՝ ավելի քան 824 մլրդ դրամ կամ ընդհանուր ծավալի շուրջ 42 %-ը։ Երկրորդ տեղում եկամտահարկն է, երրորդում՝ շահութահարկը։ Երկու հարկատեսակների տեսակարար կշիռը միասին 34,3 % է։
Այս ցուցանիշներն առանձնացնելով՝ փորձագետներն ընդգծում են մեկ այլ միտում ևս․ հարկատուների մեծ մասը՝ շուրջ 80 %-ը, գործունեություն է ծավալում Երևանում, ինչը նշանակում է, որ մարզերում տնտեսական ակտիվության ցուցանիշները շարունակում են ցածր մնալ։