Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը շարունակում է մնալ ԲԴԽ օրակարգում

ԲԴԽ-ում շարունակվում են Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով դատական նիստերը։ Հերթական նիստը անցկացվեց հունվարի 26-ին։

Նիստի մեկնարկին փաստաբան Զորայր Հարությունյանը չորս էջից բաղկացած միջնորդությոուն ներկայացրեց, որը կապված է խորհրդի անդամ  Երանուհի Թումանյանցին բացարկ հայտնելու հետ։ Միջնորդության հիմքում դրվել է նախորդ նիստին Երանուհի Թումանյանցի հայտարարությունը՝ քննարկվող հարցին իր մասնակցության անհնարինության մասին։ Մասնավորապես, նախորդ նիստին փաստաբանը միջնորդել էր պահանջելով հեռացնել Դատական դեպարտամենտի կողմից պատրաստված տեսանյութը կամ մոնտաժել այն՝ հեռացնելով Դավիթ Հարությունյանին առնչվող դրվագը, որով Թումանյանցի մասնակցությամբ տարածվել է Հարությունյանին արատավորող տեղեկություններ։ Այդ հարցի առնչությամբ Թումանյանցը նշել էր, որ չի մասնակցի քննարկմանը, քանի որ այն իրեն է վերաբերում։ Հենց այս հանգամանքն է դրվել բացարկի հիմքում, քանի որ Թումանյանցը գիտակցել է, որ չի կարող մասնակցել գործի քննությանը։ Նիստում հայտնի դարձավ, որ գործի նախորդ քննության ընթացքում Դավիթ Հարությունյանի՝  ԲԴԽ-ին հասցեագրված հարցերը, որոնք պետք է փոխանցվեր նաև Արդարադատության նախարարին չի փոխանցվել, ԲԴԽ-ն այն չի ուղարկել։  Մասնավորապես, Թումանյանցին բացարկի երկրորդ հիմքը, որը ներկայացրեց Դավիթ Հարությունյանը, վերաբերում է այն հանգամանքին, որ գործի վերանայման առաջին՝ 2024թ․ դիմումի քննարկան ժամանակ ոչ դատավոր անդամը, լինելով զեկուցող դատավոր, ստացել էր նախարարին հասցեագրված հարցերը,  սակայն դրանք նախարարին չէր հասցեագրել, մինչդեռ  դատական նիստերի արձանագրությունում նշվել էր,  որ նախարարից պատասխան չի ստացվել:

Գործի նյութերում միջնորդությունը վերահասցեագրելու, նախարարի կողմից ստանալու ապացույց առկա չէ:  Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը հաստատեց, որ նման փաստաթուղթ չի ստացվել։   ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, սակայն ավելի քան մեկ ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո որոշում այդպես էլ չի կայացրել, վերադարձել է՝ պարզաբանումներ ստանալու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 29-իn ժամը 10։30-ին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 3-ին ԲԴԽ-ն ընդունել էր թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը, որով դադարեցվել էին դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: Դատավորի լիազորությունները դադարեցվել էին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա միջնորդության հիման վրա:

Հուլիսի 3-ին ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ-ի՝ այսօր արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։  Դատավորն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ում քննվել է մի շարք առերևույթ խախտումներով։ ԲԴԽ-ն նախ կամայականորեն որոշել էր դռնփակ ռեժիմով քննել միջնորդությունը, ապա՝ սանկցիա կիրառել և նիստերի դահլիճից հեռացրել դատավորին, ինչից հետո խոչընդոտել է նաև նրա փաստաբանների մասնակցությունը։ Ավելին, անգամ ձայնագրություն է տարածվել, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հորդորում կարգադրիչներին փակել դուռը, արագ ավարտում է գործի քննությունը, մինչդեռ, նույն պահին Դավիթ Հարությունյանի փաստաբանները գտնվել են ԲԴԽ շենքում և ցանկանում էին մասնակցել նիստին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա գանգատին առաջնահերթության կարգ էր տրվել:

Միևնույն ժամանակ, դատավորը դիմում էր ներկայացրել ՍԴ, որը 2024թ․ մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել, սակայն անգամ ՍԴ-ի կողմից դատավորի իրավունքների խախտումն արձանագրելուց հետո ԲԴԽ-ն մերժել է գործի վերանայման պահանջով դատավորի դիմումը, ավելին, թեև ՍԴ-ն արձանագրել էր լսված լինելու իրավունքի խախտումը, ԲԴԽ-ն վերանայման դիմումը քննել է գրավոր ընթացակարգով՝ կրկին առանց դատավորի մասնակցության։ Փաստացի ստեղծվել էր իրավիճակ, որ ԲԴԽ-ն ուղղակիորեն հրաժարվել է կատարել  Բարձր դատարանի որոշումը` փաստացի հրաժարվելով վերացնել դատավորի իրավունքների խախտումը։ Այս որոշումից հետո դատավորը երկրորդ անհատական դիմումն է ներկայացրել ՍԴ, որի վերաբերյալ  2025թ. հուլիսին ՍԴ-ն դիրքորոշում է հայտնել` արձանագրելով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: Այս որոշման հիմքով դատավորը հոկտեմբերի 28-ին նոր դիմում է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով վերանայել և վերացնել իր լիազորությունները դադարեցնելու, Դավիթ Հարությունյանին նախկինում զբաղեցրած` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնում վերականգնելու մասին:

Leave a Comment