Naharnet. Իսրայելի ինքնաթիռները ավելի քան 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Լիբանանի հարավային շրջանները ենթարկվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների զանգվածային հարձակումների․ ցամաքային թիրախների ուղղությամբ հասցվել է առնվազն 23 ավիահարված։ Այդ մասին հայտնել է Naharnet լրատվական պորտալը։

Դրա տվյալներով՝ ավիահարվածները իրականացվել են Ջաբբուրի լեռնային տարածքում և Վադի-Բարգուզի կիրճում, որտեղ արձանագրվել էին շիա «Հեզբոլլահ» զինված խմբավորման կողմից սեփական ռազմական ենթակառուցվածքի վերականգնման փորձեր։

Ավիահարվածների մասին տեղեկություններ են ստացվել նաև Մեյդուն քաղաքից, որը գտնվում է Արևմտյան Բեքաա տարածաշրջանում։ Օդային գրոհների հետևանքների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիխայ Ադրին X սոցիալական հարթակում արաբերեն լեզվով տարածված հայտարարության մեջ նշել էր, որ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ իրականացվող ավիահարվածների նոր ալիքը ուղղված է ստորգետնյա օբյեկտների դեմ, որոնք օգտագործվում են զենքի արտադրության և պահպանման համար։

Նրա խոսքով՝ «Հեզբոլլահ»-ի գործունեությունը խախտում է լիբանա-իսրայելական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Leave a Comment