Բելգիան սխալմամբ ներառվել է «Խաղաղության խորհրդում»՝ Բելառուսի փոխարեն

Սպիտակ տունը սխալմամբ Բելգիան ներառել է «Խաղաղության խորհրդին» միանալու համաձայնություն տված երկրների ցանկում:

Ամերիկյան NBC News հեռուստաալիքը հաղորդել է, որ երկիրը, հավանաբար, շփոթել են Բելառուսի հետ: Հաղորդագրության համաձայն՝ Թրամփի վարչակազմը տարածել է 22 երկրների ցանկ, որոնք միացել են «Խաղաղության խորհրդին»: Բելգիայից և ԱՄՆ-ից բացի, ցանկում ներառված են եղել Ադրբեջանը, Արգենտինան, Հայաստանը, Բահրեյնը, Բուլղարիան, Հունգարիան, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, Կատարը, Կոսովոն, Մարոկկոն, Մոնղոլիան, Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ), Պակիստանը, Պարագվայը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Ուզբեկստանը: Սակայն ցանկում չի ներառվել Բելառուսը, որի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 20-ին ստորագրել է կազմակերպությանը միանալու փաստաթուղթը:

Խաղաղության խորհրդի անդամ երկրների պաշտոնական ցանկը հրապարակայնորեն հասանելի չէ։

Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն մեկնաբանել է իրավիճակը։ «Բելգիան չի ստորագրել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Այդ մասին հաղորդագրությունը սխալ է։ Մենք ցանկանում ենք, որ Եվրոպան տրամադրի միասնական և համակարգված պատասխան։ Ինչպես շատ եվրոպական երկրներ, մենք որոշակի կասկածներ ունենք այս առաջարկի վերաբերյալ», — գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

Սպիտակ տունը շփոթել է Բելգիան Բելառուսի հետ, ներառելով Խաղաղության խորհրդի անդամ երկրների ցանկում, հաղորդում է բելգիական VRT հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։

Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Գազայի հատվածի խաղաղության ծրագրին աջակցելու համար։ Սակայն, դիտորդները, որոնք ծանոթացել են դրա կանոնադրությանը, նշում են, որ խորհրդի լիազորությունները կարող են շատ ավելի լայն լինել, ինչը հնարավոր է այն վերածի ՄԱԿ-ի մրցակիցի։

Մոտ 60 երկիր հրավեր է ստացել միանալու Խաղաղության խորհրդին։ Այդ երկրներից ավելի քան 30-նը ընդունել են առաջարկը, այդ թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, ԱՄԷ-ն և Թուրքիան: ԵՄ երկրները, բացառությամբ Բուլղարիայի և Հունգարիայի, կամ հրաժարվել են միանալ (Նորվեգիա, Սլովենիա, Ֆրանսիա և Շվեդիա), կամ չեն մեկնաբանել հրավերը: Միացյալ Թագավորությունը նույնպես հրաժարվել է ստորագրել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը:

Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ստորագրման արարողությանը մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ:

Leave a Comment