Վերջին հայը լքեց Արցախը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ ԼՂ-ում մնացած հայերը տեղափոխվել են Հայաստան։ Արցախում մնացե՞լ է հայ, թե՞ նրանք վերջինն էին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հետաքրքիր դինամիկա էր. 2023թ.-ի նոյեմբերին, եթե չեմ սխալվում, Արցախ էր այցելել Ադրբեջանին հավատարիմ պետությունների դիվանագետներից բաղկացած առաքելություն, որը հայտարարել էր, որ Արցախում ապրում է ավելի քան 50 հայ:
Ամիսներ անց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ասել էր, որ իրենց տեղեկությունների համաձայն, 40 հայ է մնացել: Դրանից հետո Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները, ասում էր, որ Արցախում 20 հայից ոչ ավելին է մնացել: Դրանից հետո արդեն խոսում էին 14 հայի մասին, և կոնկրետ բոլոր այդ 14 հայերի անունները հայտնի էին: Եվ արդեն 2025թ.-ի հունվարին հայտնի էր, որ մնացել էին 11 հայեր: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատրաստ էր յուրաքանչյուրի անունը տալ, քանի որ հայտնի էր՝ իրենց ընտանիքի անդամները նրանց մասին տեղեկություններ ունեին՝ 11 հայ: Այսինքն՝ հիմա նույնպես խոսում են 11 քաղաքացիների մասին, ովքեր վերադարձել են: Այսինքն՝ կարող ենք արձանագրել փաստը, որ դա հենց այն 11 հայերն էին, որոնց մասին խոսում էր Արցախի նախագահը: Բայց կար ևս 1-ը, ով 2023-ից հետո մնացել էր Արցախում, բայց հիմա ո՛չ Երևանում է, ո՛չ Ստեփանակերտում. խոսքը Կարեն Ավանեսյանի մասին է, որին մեղադրել էին շինծու գործով ահաբեկչության մեջ, և այժմ նա ազատազրկված է Բաքվում: Բայց, իսկապես, արձանագրում ենք այն փաստը, որ Արցախում այժմ այլևս հայ չկա»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ովքե՞ր էին մնացած հայերը, ի՞նչ փոխվեց, որ որոշեցին իրենց թույլ տալ տեղափոխվել Հայաստան:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment