Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ պատրաստ է միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդին, սակայն Բեռլինը չի կարող «ընդունել դրա կառավարման կառուցվածքը» իր ներկայիս տեսքով։
«Մի քանի շաբաթ առաջ ես նախագահ Թրամփին ասացի, որ անձամբ պատրաստ եմ միանալ Խաղաղության խորհրդին, եթե դա լինի մի մարմին, որը, ինչպես նախապես պլանավորվել էր, կհսկի Գազայի խաղաղության գործընթացը, ներառյալ երկրորդ փուլը, որը, ցավոք, դեռ չի սկսվել, և ՀԱՄԱՍ-ի զինաթափումը։
Իր ներկայիս տեսքով Խաղաղության խորհուրդը չի կարող ընդունվել Գերմանիայում, նույնիսկ սահմանադրական պատճառներով», — ասել է Մերցը Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիի հետ համատեղ ասուլիսում։
«Այնուամենայնիվ, մենք, իհարկե, պատրաստ ենք ուսումնասիրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության այլ, նոր ձևեր, եթե փնտրում ենք նոր ձևաչափեր, որոնք մեզ կմոտեցնեն խաղաղությանը աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Եվ ես չեմ ուզում սահմանափակվել միայն Գազայով և Մերձավոր Արևելքով», — ընդգծել է Գերմանիայի կանցլերը։ Նա նաև կարծում է, որ Ուկրաինան կարող է ներառվել այդ ցուցակում։
Հունվարի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում 19 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են Գազայի հատվածում խաղաղ կարգավորման շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Թրամփը հայտարարեց, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ։ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Գազայի հատվածը կառավարելու համար, սակայն ենթադրվում է, որ այն կաշխատի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելման և լուծման ուղղությամբ։