23 հունվարի 2026 – 15:18 AMT
PanARMENIAN.Net – ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի պատվիրակությանը, որն այցելել է Հայաստան՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։
Պատվիրակությունը ներկայացրել է կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ Նորբերտ Պախլերը, ով պատասխանատու է որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման համար։
Քննարկման հիմնական առանցքում եղել են բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների համատեքստում մանկավարժական կրթության մրցունակության բարձրացման և կրթական բովանդակության արդիականացման խնդիրները, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման ուղղությամբ UCL-ի խորհրդատվական ներգրավման շարունակական աշխատանքները։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է պատվիրակության հանդիպումների կարևորությունը ոլորտի բուհերի և կառույցների հետ՝ վստահեցնելով, որ նման քննարկումները կնպաստեն մանկավարժական կրթության հնարավորությունների ու խնդիրների լիարժեք ընկալմանը և դրանց ներառմանը կրթական կլաստերի հայեցակարգում։
Նախարարը վերահաստատել է Կառավարության հանձնառությունը՝ առաջ մղելու բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, որոնք միտված են ինստիտուցիոնալ վերափոխումների իրականացմանը։ Այս համատեքստում նա առանձնահատուկ ընդգծել է մանկավարժական կրթության որակի բարելավման առաջնայնությունը՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը ինչպես հանրակրթության և նախադպրոցական ոլորտի, այնպես էլ մասնագիտական կրթության և լայն հանրային կյանքի վրա։
Խոսելով ոլորտում մարդկային ներուժի մարտահրավերների մասին՝ Ժաննա Անդրեասյանն կարևորել է մանկավարժի մասնագիտության գրավչության բարձրացումը, երիտասարդների ներգրավման խթանումը, առաջատար մասնագետների պահպանումը։ Նա նշել է, որ այդ նպատակին կարելի է հասնել թե՛ ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ, թե՛ գիտահետազոտական աշխատանքի հնարավորությունների ընդլայնմամբ մանկավարժության ոլորտում։
Նախարարը կարևորել է նաև միջազգային համագործակցային հարթակների լիարժեք օգտագործումը՝ մասնավորապես Բոլոնիայի գործընթացի, Էրասմուս+ ծրագրերի շրջանակում, ինչպես նաև սփյուռքի փորձագիտական ներուժի ներգրավումը՝ որպես բարեփոխումների ակտիվ մասնակիցներ։
Հանդիպման ընթացքում Նորբերտ Պախլերը ներկայացրել է իրենց հայաստանյան այցի մանրամասները։ Նա խոսել է պետական համալսարանների, ինչպես նաև Երևանի ու մարզային դպրոցների ներկայացուցիչների, ոլորտի պետական և մասնավոր կառույցների ու անհատների հետ ունեցած հանդիպումների արդյունքների մասին՝ ներկայացնելով իր դիտարկումներն ու առաջարկները։
Պախլերը շեշտադրել է ուսանողական կյանքի որակի ապահովման, ժամանակակից ու գրավիչ կրթական ծրագրերի մշակման, դասավանդողների վերապատրաստման ու կարողությունների զարգացման, ինչպես նաև մանկավարժական ոլորտում գիտական գերազանցության կենտրոնների ստեղծման կարևորությունը։
Նա տեղեկացրել է, որ իրենց կողմից իրականացվող այցերն ու խորհրդատվական քննարկումները կշարունակվեն տարվա ընթացքում՝ ձևավորելու հետագա քայլերի հստակ ճանապարհային քարտեզ։
Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։