Պատմական նվաճում․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2026-ի շրջանակներում կամային հաղթանակ է տարել աշխարհի բրոնզե մեդալակրի նկատմամբ

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի ընտրանու նկատմամբ։

Ուկրաինացիների կազմում հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի 26-րդ րոպեին բացել է Վլադիսլավ Պերվեևը։ Միհրան Դերմենջյանը նախ 30-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, ապա խաղի ավարտից 1 րոպե 56 վայրկյան առաջ ձևակերպել է դուբլ՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ։ Խմբի մյուս խաղում Չեխիայի և Լիտվայի ընտրանիների հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։

Հայաստանի հավաքականը 3 միավորով խմբի առաջատարն է։ Լիտվացիներն ու չեխերը ունեն մեկական միավոր, Ուկրաինայի ընտրանին միավոր չունի։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կմրցի Չեխիայի ընտրանու հետ։ Խաղը կկայանա հունվարի 25-ին։

Leave a Comment