Սենեգալի հավաքականի և սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Սադիո Մանեն անդրադարձել է Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակչում Մարոկկոյի հավաքականի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ երբ մրցավարը 11-մետրանոց էր նշանակել Սենեգալի դարպասին, թիմի գլխավոր մարզիչ Պապ Տիավը որոշել էր ֆուտբոլիստներին դուրս բերել դաշտից, սակայն Մանեն նրանց հետ էր կանչել՝ շարունակելու հանդիպումը։
«Քանի որ մրցավարները նույնպես կարող են սխալվել, նրանց դատապարտելն անարդար է։ Եվ որ ամենակարևորն է՝ ես դա արեցի հանուն աշխարհի բոլոր երկրպագուների. նրանք ցանկանում էին դիտել խաղը մինչև վերջ», – Մանեի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
Հավելենք, որ Սենեգալի ազգային հավաքականին հաղթանակ է պարգևել Պապ Գեյեի՝ լրացուցիչ ժամանակում խփած գոլը։