Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կապերի խորացման և գործնական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման համատեքստում ներկայացվել է TRIPP ծրագիրը։ Ընդգծվել է, որ նման նախաձեռնությունների իրականացումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և հնարավորություն է տալիս իրացնել տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում առկա լայն հնարավորությունները։
Կողմերը կարևորել են նաև տարբեր միջազգային հարթակներում համագործակցության շարունակականությունը՝ շեշտելով փոխադարձ երկխոսության և համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների պայմաններում։
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: