Նրանք, ովքեր չեն ցանկանում կերակրել սեփական բանակը, դատապարտված են կերակրելու ուրիշինը. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը տարիներ շարունակ իրականացնում է հետևողական հասարակական գործունեություն՝ ուղղված զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանը՝ արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ հասարակա-իրավական դաշտում։

Միևնույն ժամանակ նախաձեռնությունը պարբերաբար բախվում է բյուրոկրատական խոչընդոտների, որոնց վառ ապացույցներից են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց օրենքով սահմանված գումարների բռնագանձումները՝ ԴԱՀԿ ծառայության աջակցությամբ, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի 17.07.2023 թ. թիվ 983-Լ հրամանի պահանջների՝ ըստ էության, չկատարված լինելը։

Վերոնշյալ հրամանով սահմանվել են երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցած զինթոշակառուների աշխատանքային իրավունքների խախտման արդյունքում նախատեսված նվազագույն փոխհատուցումները, որոնք մինչ օրս ամբողջությամբ չեն իրականացվել։

Հաշվի առնելով, որ նշված խնդիրների արդյունավետ և համակարգային լուծումը հնարավոր է միայն քաղաքական գործընթացների շրջանակում՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը, ի դեմս նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանի, ունենալով զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական և աշխատանքային խնդիրների լուծման հստակ ծրագիր և ճանապարհային քարտեզ, հայտարարում է ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ակտիվ քննարկումների մեկնարկի մասին։

Նշված քննարկումների նպատակն է վերոհիշյալ խնդիրների լուծումները ներառել գալիք՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ներկայացվող քաղաքական ծրագրերում։

Հավանական է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի հայտ գան քաղաքական ուժեր, որոնք կփորձեն շահարկել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, պահեստազորում հաշվառված զինակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների ձայները՝ դրանք կորզելու և սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար։

Միևնույն ժամանակ, նման ուժերը կարող են ընտրություններից հետո անտեսել կամ մոռացության մատնել զինծառայողների աշխատանքային իրավունքների խախտումների հետ կապված իրական խնդիրները՝ դրանք օգտագործելով բացառապես նախընտրական քարոզչության շրջանակում։

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում մեր բոլոր զինակիցներին լինել զգոն և զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերում առաջնորդվել բացառապես ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության պաշտոնական հայտարարություններով և դիրքորոշումներով։

Հայոց բանակը պետականության հիմնասյունն է։ Նրանք, ովքեր չեն ցանկանում կերակրել սեփական բանակը, դատապարտված են կերակրելու ուրիշինը։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

20.01.2026 թ.

Leave a Comment