44-օրյա պատերազմի մասին զեկույցի բաց հատվածը կարող է հրապարակվել հանրային լսումների ձևաչափով․ «ցավոտ շահարկումներ» ԱԺ-ում

Այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանում որևէ ձևաչափով կքննարկվի՞ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Հարցը նիստերի դահլիճում բարձրացրել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ պատգամավորներն արդեն մի քանի ամիս հնարավորություն ունեն ծանոթանալու փաստաթղթի բովանդակությանը։ Քննիչ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նույն հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանին առաջարկել է հանրային լսումներ կազմակերպել։

ԱԺ 8-րդ գումարման վերջին՝ 11-րդ նստաշրջանի առաջին նիստում քննարկվող  առաջին հարցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանինն է․ խորհրդարանն աշխատանքը կավարտի՞  առանց 44-օրյա պատերազմի մասին քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ նիստերի դահլիճում քննարկելու։

«Այս նստաշրջանում կարձանագրվի՞ արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ձևավորվել էր Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից, այդ զեկույցը չի հրապարակելու, չի ներկայացնելու Ազգային ժողով»։

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այն պատգամավորներին, որոնք ունեն գաղտնիության թույլտվություն՝ հայտարարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ընդգծում՝ փաստաթուղթը գաղտնի տեղեկություններ է պարունակում, ինչն անհնար է դարձնում դրա քննարկումը լիագումար բաց նիստի ձևաչափով։

«Դուք գալիս եք այստեղ, մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, դրա մասին հարցեր եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու, միևնույն ժամանակ ասում եք՝ եկեք դահլիճում ներկայացրեք։ Կարծում եմ՝ տրամաբանական չէ»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ԱԺ կանոնակարգն է պահանջում բաց կամ փակ ձևաչափով քննարկել 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին փաստաթուղթը, որպեսզի այն զեկույցի կարգավիճակ ստանա։  

«Մինչև հիմա քննիչ հանձնաժողովի զեկույց, որպես էդպիսին, ներկայացված չէ Ազգային ժողով։ Հիմա կծանոթանա՞ն, թե չէ՞․․2 հոգին էլ բավական է, որ ծանոթանան։ Նկատի ունեցեք, որ որոշ պատգամավորներ կան, առնվազն մեր խմբակցությունից, որոնք տարիներ շարունակ ամենագաղտնի տեղեկատվության տիրապետող են եղել, հիմա էդ իրավունքից զրկված են»։ 

Ավելի քան 3 տարի առաջ ստեղծված քննիչ հանձնաժողովը աշխատանքն ավարտել և զեկույցը խորհրդարանի նախագահությանն էր հանձնել նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին։ Հոկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ այն չի ներառվի լիագումար նիստերի օրակարգ։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ խախտվել էին ԱԺ կանոնակարգով սահմանված ժամկետները, ինչը թույլ չի տալիս փաստաթուղթը   լիագումար նիստում քննարկման առարկա դարձնել։

 «Երկուսուկես տարուց ավել է անցել»:

ԱԺ նախագահը «ցավոտ շահարկումներ» արտահայտությամբ է բնորոշում ընդդիմադիր պատգամավորների՝ լիագումար նիստերի ձևաչափով զեկույցին ծանոթանալու ցանկությունը։  

«Վերջացե՛ք դրա շուրջ քննարկումը, այդտեղ մարդկանց կյանքերին վերաբերվող թեմա կա, սրա շուրջ շահարկումներ անելը շատ ու շատ մարդկանց համար, կարող եմ ասել՝ մեծամասնությանս համար ցավոտ է։ Վերջացե՛ք սրա շուրջ շահարկումներ անելը»։ 

Բայց քննարկումը շարունակում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը․

«Պարոն Քոչարյան, Ձեզ խնդրում եմ, մեր հանձնաժողովի անդամներին առաջարկում են, եկեք կազմակերպենք հանրային լսումներ, որի ընթացքում զեկույցի բաց մասը հանրային լսումների ձևաչափով ոչ միայն խորհրդարանին, այլև մեր հանրությանը կներկայացվի։ Հանրությունը թող լսի»։

Ալեքսանյանի խոսքով՝ զեկույցի բաց հատվածը հրապարակելուց հետո «Հայաստան» խմբակցությունը հանրությունից բազմաթիվ հարցեր կստանա։

«Պարոն Մանուկյան, այնտեղ շատ հետաքրքիր կտորներ կան, բայց հետո չասեք, թե էս ինչի այսպես եղավ։ Հետո էլ ասում եք՝ պատերազմը շահարարկման առարկա իշխանությունն է դարձրել։ Ամոթը լավ բան է»։

Գեղամ Մանուկյանը նույն մեղադրանքը հասցեագրում է իշխանությանը։

«Շահարկման հարց չկա, երբեք էլ 44-օրյա պատերազմը շահարկման նյութ չի, ինքը քննարկման՝ ուսումնասիրության և շատ ծավալուն ուսումնասիրության նյութ է։ Շահարկումը իրականում իշխանության կողմից է, սիրելի հայրենակիցներ։ Տարիներ առաջ՝ Ազգային ժողովի ձևավորման հենց առաջին օրերից հայտարարում էր քաղաքական մեծամասնությունը, որ հիմա քննիչ հանձնաժողով ենք ձևավորելու, տեսեք ինչեր ենք բացահայտելու»։  

Պատգամավորը հիշեցնում է, որ դեռ հանձնաժողովի ձևավորման փուլում ընդդիմությունը վերապահումներ ուներ, մասնավորապես պնդում էր, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հիմքով ստեղծված հանձնաժողովը հանրային վստահության խնդիր կունենա։  

«Բազմաթիվ հարցեր, հարցականներ մնում են օդում կախված»։

Վահագն Ալեքսանյանը դիմում է քննիչ հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանին՝ բոլոր հարցերին հանրային լսումների ձևաչափով պատասխանելու հնարավորության համար․

«-Պարոն Քոչարյան, ընդունո՞ւմ եք առաջարկս։

-Քննարկենք։

-Շատ լավ»

Քննիչ հանձնաժողովի 3 ու կես տարվա գործունեության ընթացքում հանձնաժողով են հրավիրվել վարչապետը, ներկա ու նախկին տարբեր  պաշտոնյաներ: Նրանց թվում՝ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանը, նույն շրջանում Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը: Ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտել է հանձնաժողովի աշխատանքն ու չի մասնակցել նիստերին։

Leave a Comment