Մեկ տարի առաջ Ադրբեջանում սկսված դատավարության, տեղի ունեցած150-ից ավելի դատական նիստերի ընթացքում կոնկրետ փաստեր ու ապացույցներ այդպես էլ չներկայացվեցին, ընթացավ իմիտացիոն բաց դատավարություն, որն ի բնույթով փակ էր՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Նրա գնահատմամբ՝
Նրա գնահատմամբ՝ 4 գերիների վերադարձը հույս է առաջացնում, որ գործընթացը կարող է շարունակական լինել։ Լուծումներն, ըստ իրավապաշտպանի, բանակցությունների և քաղաքական համաձայնությունների դաշտում են։
Ուղիղ մեկ տարի առաջ` հունվարի 17-ին, սկսվեցին Ադրբեջանում պահվող հայ գերիների դատավարությունները, և մեկ տարվա ընթացքում կոնկրետ փաստեր և ապացույցներ չտեսանք՝ փաստում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Դատավարության ողջ նպատակն Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն էր, և ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, որոնք ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել»։
Ադրբեջանի իշխանությունները իմիտացրել են բաց դատավարություններ, սակայն դրանք փակ են եղել անկախ մասնագետների, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և լրատվամիջոցների համար։ Պաշտոնական լուսաբանումն իրականացրել է ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը, որը եղել է միակողմանի։ Այն բոլոր դեպքերում, երբ հնարավորություն ենք ունեցել ստանալ այլընտրանքային տեղեկատվություն, եղել են անհամապատասխանություններ՝ ասում է Սահակյանը։
Չնայած դրան, ըստ մասնագետի, դատավարությունների վերաբերյալ եղել են միջազգային արձագանքներ, դրանց մի մասը՝ հստակ և թիրախային։
«Մենք կարևորում ենք 2025 թվականի մարտին, Եվրոպառլամենտի կողմից ընդունված բանաձևը, թերևս շատ համակողմանի գնահատական էր պարունակում Արցախյան հակամարտության առնչությամբ, և խիստ, դիպուկ լեզու էր օգտագործվում: Այստեղ հստակ գնահատական կար նաև էթնիկ զտումների, ապօրինի դատավարությունների, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, և ինչու ոչ, կար ուղղակի ազատ արձակման կոչ, որը չպետք է ենթարկվեր որևէ պայմանականությունների։ Ազատ արձակման կոչեր են հնչեցվել նաև մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող պաշտոնյաների կողմից: Մեզ համար հատկապես հատկանշական էր Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում գործող մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի կոչը, երբ նա անվերապահ ազատ արձակելու կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին»։
ՄԻԵԴ-ը դեռ 2025-ի նոյեմբերին էր Բաքվից գերիների մասին նոր տեղեկություններ ակնկալում, սակայն Ադրբեջանի իշխանությունները երկու անգամ հետաձգել են դրանց տրամադրումը և պատասխանել վերջնաժամկետին՝ հունվարի 12-ին։ Յոթամսյա դադարից հետո հայ գերիներին այցելել են ԿԽՄԿ ներկայացուցիչները։ «Կարմիր խաչը» փորձել է հասնել Բաքվում հայ գերիների պահման պայմանների որոշակի բարելավման, ինչի արդյունքում մի քանի գերիներ տեղափոխվել են նոր կառուցված ՔԿՀ՝ ասում է Սիրանուշ Սահակյանը։
Նրա գնահատմամբ՝ Բաքվում վերաբերմունքի առումով տարբերակված մոտեցում կա Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Վերջինիս գործը, հիշեցնենք, առանձնացվել է մյուս 15 գերիների գործից և քննվում է առանձին դատավարությամբ:
«Մեծացել է Ռուբեն Վարդանյանի մեկուսացվածությունը արտաքին աշխարհից։ Ընտանիքի միջոցով տեղեկացանք, որ պակասել է զանգերի հաճախականությունը։ Եթե մյուս գերիների պարագայում շաբաթը մեկ զանգի հնարավորություն է տրվել որպես կանոն չորեքշաբթի օրերին, ապա Ռուբեն Վարդանյանի պարագայում այս մեկ շաբաթը պահպանված չէ։ Ինչ-ինչ պատճառներով նա մեկուսացվում է, նրա դատական գործը ձգձգվում է, և նա զրկվում է դատարանում իր վերջին խոսքն արտահայտելու իրավունքից»։
Սահակյանն ուշադրություն է հրավիրում մեկ այլ խնդրի վրա նույնպես․ գործընթացն, անկախ քաղաքական բովանդակությունից, ունի կրոնական բաղադրիչ ևս։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հենց քրիստոնյա հայերին դատապարտելու խնդիր է դրել՝ ասում է Սահակյանը։
«Թեև առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ նրանց փոխանցել Աստվածաշունչը, և սա բացատրություն չունի։ Եթե գրքերի հասանելիություն տրվում է, և անձը ազատ ժամանակը ընթերցելու հնարավորություն ունի, ինչո՞ւ իր ցանկությամբ, իր նախընտրությամբ, դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը։ Եվ սա թե՛ Ռուբեն Վարդանյանին է արգելվել, թե՛ մյուս բանտարկյալներին։ Բացի այդ, հավաքել են կրոնական սիմվոլները, անգամ բանտարկյալների դաջվածքներն են այրել»։
Մի քանի օր առաջ չորս հայ գերիների վերադարձը, ըստ Սահակյանի, հույս է առաջացնում, որ գործընթացը կարող է շարունակական լինել: Լուծումները, նրա կարծիքով, բանակցությունների և քաղաքական համաձայնությունների դաշտում են։
Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ հարցը տարբեր ձևաչափերով քննարկումների օրակարգում է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը ժամանակի հարց է։ Այդ ուղղությամբ աշխատանք տարվում է՝ վստահեցնում է ԱԺ նախագահը։
«Մենք մշտապես խոսում ենք նաև անհետ կորածների մասին, և այդ պրոցեսը ավարտվելու է այն ժամանակ, երբ որևէ մեկի մոտ որևէ հարց չի մնա, և մեր հայրենակիցներից որևէ մեկը այնտեղ չի մնա: Մեզ համար որևիցե տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան, և դա ժամանակի հարց է, ես վստահ եմ»:
Բաքվում պահվող 15 գերիների գործով դատավարությունն ավարտվել է, նախատեսվում է, որ դատավճիռները կհրապարակվեն այս ամսվա ընթացքում։ Մեղադրող կողմը հիմնականում ցմահ ազատազրկում է պահանջել։