Թրամփը հայտարարել է՝ նոր տուրքեր կսահմանի այն երկրների համար, որոնք դեմ են Գրենլանդիայի անեքսիայի իր ծրագրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է նոր տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք դեմ են Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու իր ծրագրերին, հայտնում է CNN-ը։

«Ես կարող եմ տուրքեր սահմանել այդ երկրների վրա, եթե նրանք չհամաձայնվեն Գրենլանդիայի հետ, քանի որ մեզ Գրենլանդիան է պետք ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել», – ասել է Թրամփը Սպիտակ տանը առողջապահությանը նվիրված միջոցառման ժամանակ։

Հունվարի 12-ին ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել էր օրինագիծ՝ «Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու և նրան պետականություն շնորհելու մասին»։

Հունվարի սկզբին՝ Վենեսուելայում ռազմական գործողությունների ֆոնին ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել էր, որ Գրենլանդիան «բացարձակապես կարևոր է» ԱՄՆ-ի համար. կղզին, նրա խոսքով, «շրջապատված է ռուսական և չինական նավերով»։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսին տեղեկացրել էր, որ Գրենլանդիայի վերաբերյալ ձևակերպումները չեն ենթադրում ներխուժում, այլ նպատակը կղզին Դանիայից գնելն է։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել էր, որ եթե կանգնեն ընտրության առաջ, իրենց նախապատվությունը կտան Դանիային՝ Միացյալ Նահանգների փոխարեն։

Մոտ 57 000 բնակչություն ունեցող Գրենլանդիան դանիական գաղութ էր մինչև 1979 թվականին սահմանափակ ինքնակառավարում և սեփական խորհրդարան ստանալը։ 2009 թվականին այն ձեռք էր բերել ինքնավարություն՝ իր ներքին քաղաքականության նկատմամբ անկախ վերահսկողություն ունենալով, բայց մնացել էր Թագավորության մաս։

Leave a Comment