Կառավարությունն ԱԱԾ լիազորությամբ ստեղծում է անհետ կորածներին առնչվող տվյալների միասնական ռեեստր․ օրենքը հասավ ԱԺ

ԱԺ գլխադասային հանձաժողովում քննարկվել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ Այն ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Օրենքի նախագծով հստակեցվում է, թե ով է համարվում անհետ կորած, և թե ինչ իրավունքներ ունեն նրանց ընտանիքի անդամները։ Գալյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է միասնական ռեեստր, որի միջոցով պետական ու ՏԻՄ մարմինները, անհետ կորած անձանց հարազատները պարբերաբար ստանալու են դատական գործերի, որոնողական աշխատանքների, սոցիալ-հոգեբանական աջակցության մասին տեղեկություններ։

«Անհետ կորածի մասին» օրենք ունենալու թեման, որ քննարկվել է 3-րդ հանրապետության բոլոր իշխանությունների օրոք, սակայն այդպես էլ չի հասել կառավարություն ու օրենսդիր մարմին, այսօր օրենքի նախագծի տեսքով առաջին անգամ քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում։ Այդպիսով, ըստ էության, առաջին անգամ պետությունն անհետ կորած անձանց և նրանց հարազատների բոլոր՝ իրավականից մինչև սոցիալ-հոգեբանական խնդիրներն ու լուծման տարբերակները մեկտեղել է մեկ փաստաթղթում։  Մինչև այս՝ այսօրինակ հարցերը կարգավորվում էին ենթաօրենսդրական առանձին ակտերով, կառավարության որոշումներով։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ օրենքը նախ հստակեցնում է, թե ով կարող է կոչվել անհետ կորած․  

«Եթե հակիրճ, ապա զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում` կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում կամ հանգամանքներում, պաշտպանության գործողություններին մասնակցելու, մարտական հերթապահության, հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում»։

Օրենքի նախագծով սահմանվում են անհետ կորած անձնանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում՝ անհետ կորած անձի անհետացման պատճառների և հանգամանքների, գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքը, մարմինը, մասունքները ստանալու իրավունքը։ Հստակեցվում է անհետ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացը և դրա դադարեցման դեպքերը։ Ըստ այդմ՝ հետախուզման դիմումը ներկայացվում է լիազոր մարմին՝ Ազգային անվտանգության ծառայություն․

«Օրենքում ամրագրվել է, որ լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվություն։ Սա ենթադրում է որոնողական աշխատանքներ, որի ժամկետները կարող են երկարաձգվել, սակայն սահմանված է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո առկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն պետք է ներկայացվի լիազոր մարմնին»։

Անհետ կորած համարվող անձի հետախուզումը դադարեցվում է վերջինիս գտնվելու վայրը, հուղարկավորման վայրը կամ անձի մարմնի մասունքների վայրը պարզելու պահից 3 օրվա ընթացքում։ Կարևոր է սակայն, որ անհետ կորած անձի` դատարանի վճռով մահացած ճանաչվելու, բայց նրա մարմինը չհայտնաբերված լինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում։ Սրբուհի Գալյանի խոսքով՝ ԱԱԾ լիազորությամբ ստեղծվելու է միասնական ռեեստր, որտեղ պետական մարմիններին և անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին հասանելի են լինելու անհետ կորած անձի որոնման աշխատանքների, դատարանի որոշումների և այլ տեղեկությունների մանրամասները։

Սա, Գալյանի խոսքով, կբացառի վերջին տարիներին պարբերաբար ստեղծվող այն իրավիճակը, երբ անհետ կորածների հարազատները, դժգոհ լինելով որոնողական աշխատանքներից կամ երկար ժամանակ չունենալով որևէ տեղեկություն, ստիպված փակում էին ճանապարհներ, ցույցեր էին կազմակերպում պետական տարբեր գերատեսչությունների մոտ․

«Նախատեսվել է դրույթ, որ ռեեստրը, որը պետք է վարվի լիազոր մարմնի կողմից և հասանելի լինի նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի նրանք էլ կարողանան իրենց վերաբերելի տեղեկությունները լրացնեն։ Այդ տվյալները հասանելի են համապատասխան դիմումի հիման վրա անհետ կորած անձի ընտանիքի անդամին։ Այսինքն` ցանկացած դեպքում դիմումի առկայության պարագայում լիազոր մարմինը պարտականություն է կրելու հայտնել ռեեստրում առկա բոլոր տվյալների մասին»։

Օրենքի նախագիծը նաև հստակեցնում է անհետ կորած անձանց ընտանիքի անդամների սոցիալ- հոգեբանական աջակցության մեխանիզմները։ Մասնավորապես, վերջիններս օգտվելու են հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, ստանալու են կրթական կենսաթոշակ և բուժհաստատություններում սպասարկվելու են անվճար։ Գալյանի խոսքով՝ օրենքի նախագծի հանրային քննարկման փուլում մի քանի անգամ հանդիպել են անհետ կորածների հարազատների, շահագրգիռ ՀԿ-ների հետ։

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ օրենքի ընդունմամբ կառավարությունն առաջ քայլ կանի ամենազգայուն հումանիտար խնդիրներից մեկի լուծելու համար։ Սակայն ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ հարազատների՝ ճշմարտությանը հասնելը կախված է ոչ միայն ներպետական կարգավորումներից, այլև հակառակորդ երկրում՝ Ադրբեջանում, փաստերի արդար քննությունից․

«Առհասարակ միջազգային չափանիշներով քննության արդյունավետության մասին վկայող գործոններից մեկը տուժողի ներգրավվածությունն է։ Եթե պետությունները իրականացնում են քննություն, սակայն չեն ապահովում տուժողների ներգրավվածությունը քր գործերին, ապա, որպես կանոն, դրանք արդյունավետ չեն և արդյունք էլ չեն տալիս։ Եվ էստեղ ի սկզբանե այս անձինք ներգրավված չեն եղել որպես տուժողներ կամ տուժողների իրավահաջորդներ։ Այս խնդիրը, կարծում եմ, ընդհանրական է և առնչվում է ոչ միայն անհետ կորածներին, այլև գերիներին կամ սպանվածներին, որոնց առնչվող հանգամանքների առնչությամբ ևս քր գործեր նախաձեռնվել և իրականացվել են»։

Քննչական մարմինները հաճախ չեն տրամադրում քննվող գործերի մանրամասները՝ հիմնավորելով, որ դրանք կարող են պարունակել ռազմական կամ պետական գաղտնիք։ Իրավապաշտպանը մանրամասնում է՝ քրեադատավարական ոլորտում միշտ կա մասնավոր և հանրային շահերի մրցակցություն, սակայն օրենքն այս դեպքում տուժողի կողմից է․

«Պետք է հավասարակշռություն ապահովվի այդ մրցակցող շահերի միջև, օրենքը շատ հստակ է նախատեսում այն դեպքերը, երբ նախաքննական գաղտնիության, պետական գաղտնիքի կամ այլ տեղեկությունների պաշտպանության նկատառումներից ելնելով, տեղեկատվության հասանելիությունը կարող է սահմանափակվել, բայց նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի կարող սահմանափակվել քրեական դատավարության մասնակիցների հետ հարաբերություններում և, որպես կանոն, նրանք նաև ստորագրում են հատուկ հայտարարություն, որով տեղեկանում են այդ տվյալների ոչ օրինական հրապարակման պարագայում քրեական պատասխանատվության մասին»։

Օրենքի նախագիծը պատասխանում է նաև այս հարցերին։ Հարուցված քրեական գործով տուժող ճանաչված անձը իրավունք է ունենալու ծանոթանալ գործով բոլոր վկայություններին, դատական նիստերի արձանագրություններին։

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթն ընդգրկվեց առաջիկայում գումարվող ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Leave a Comment