Հայաստանում Իրանի դեսպանությունը զեկույց է հրապարակել, որով պարզաբանել է իրենց երկրում ստեղծված իրավիճակը։ Զեկույցում, մասնավորապես, ասվում է․ «Պաշտոնատար անձինք ու պետություններն իրենց դիրքորոշումներում պետք է զերծ մնան Իրանի ժողովրդի խաղաղ բողոքի ցույցերին առնչվող սադրիչ և կողմնակալ միջամտություններից և, պահպանելով արդար ու չեզոք դիրքորոշումը, բացահայտորեն դատապարտեն անկարգություններ հրահրող և բռնության կողմնակից այն խմբերին, որոնք վնասում են հանրային գույքը և հարձակվում պետական շենքերի վրա»։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մոտ ապագայում վերջին իրադարձությունների վերաբերյալ բոլոր լուսաբանող և փաստահավաք զեկույցները փուլ առ փուլ կներկայացվեն միջազգային հանրությանը։
Պարսից ծոցի երկրներն էլ զգուշացրել են ԱՄՆ նախագահին, որ Իրանի վրա ամերիկյան հարվածները կարող են հանգեցնել խոշոր հակամարտության։ Այս առումով The Guardian-ը գրում է, որ ԱՄՆ վաղեմի դաշնակիցները կարծես կարողացել են համոզել Դոնալդ Թրամփին՝ առայժմ զերծ մնալ ռազմական միջամտությունից։
Հայաստանում Իրանի դեսպանատունը մամուլի հաղորդագրություն է հրապարակել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Զեկույցում հստակեցվում է, որ բողոքի ակցիաները Իրանում պայմանվորված են եղել առևտրային գործունեության, գնողունակության և տնտեսական անվտանգության վրա արժութի տատանումների բացասական ազդեցությամբ։ Ցույցերի մասնակիցները պահանջել են շուկայի կայունության վերականգնում, տատանումները զսպելու արդյունավետ միջոցներ։
Ըստ հաղորդագրության՝ հավաքները ի սկզբանե ունեցել են խաղաղ բնույթ։ Իրանի դեսպանությունը հորդորում է զգուշավորությամբ և ճշգրտությամբ հստակ տարանջատել օրինական, լեգիտիմ խաղաղ բողոքը անկարգություններից կամ բռնի գործողություններից։
Արձանագրվում է, որ խաղաղ ակցիաներն արտաքին միջամտությունների հետևանքով վերածվել են բռնությունների և իրավապահների հետ զինված բախումների, և այդ գործողությունները որևէ կապ չեն ունեցել ցուցարարների օրինական տնտեսական պահանջների հետ և չեն արժանացել հասարակության մեծամասնության աջակցությանը։
Պարզաբանվում է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ երկխոսության, կառուցողական համագործակցության և տնտեսական ու սոցիալական օրինական մտահոգությունները օրինական միջոցներով քննարկելու սկզբունքներին։ Բայց վճռական է կանխելու բռնությունը, ահաբեկչությունը կամ արտաքին ուղղորդմամբ ապակայունացման նպատակով բողոքի խաղաղ ցույցերի չարաշահումը։
Միջազգային մամուլն արձանագրում է, որ ԱՄՆ-Իրան ծայրահեղ լարված հայտարարությունների բնույթը աստիճանաբար փոխվում է։ Վերջին օրերին, սակայն, թվում էր, որ Իրանի վրա հարձակումը ժամերի ու րոպեների հարց է։
Այսօր արդեն Մոսկվան առաջարկում է իր միջնորդությունը՝ Իրանի ու Իսրայելի միջև քաղաքական և դիվանագիտական ջանքերի ակտիվացման համար։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է միջնորդական իր կարողությունները։
Այնուհետև Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ու տեղեկացրել Իսրայելի վարչապետի հետ խոսակցության մասին։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարում էր, որ Իրանի իշխանություններն այլևս չեն պլանավորում մահապատժի ենթարկել ցուցարարներին։ Բայց մինչև այդ նա զգուշացնում էր, որ Վաշինգտոնը կմիջամտի, եթե Իրանի իշխանությունները դաժանորեն ճնշեն բողոքի ցույցերը և թույլ տան մարդկային զոհեր։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լիվիտ․
«Նախագահը և նրա թիմը Իրանի ռեժիմին հայտնել են, որ եթե սպանությունները շարունակվեն, կլինեն ծանր հետևանքներ: Եվ նախագահը հաղորդագրություն է ստացել, ինչպես նա երեկ հայտնեց ձեզ բոլորիդ և ամբողջ աշխարհին, որ սպանություններն ու մահապատիժները կդադարեն: Եվ նախագահն այսօր հասկանում է, որ երեկ նախատեսված և ենթադրաբար տեղի ունենալիք 800 մահապատիժները դադարեցվել են: Եվ այսպես, նախագահը և նրա թիմը ուշադիր հետևում է այս իրավիճակին, և բոլոր տարբերակները մնում են նախագահի սեղանին»։
ՄԱԿ ԱԽ նիստում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին մեղադրել է ԱՄՆ-ին՝ փաստերի միտումնավոր խեղաթյուրման և իրավիճակը Իրանում սրելու փորձերի համար։ Նա վստահեցրել է, որ ագրեսիայի ցանկացած փորձի կտրվի համարժեք պատասխան:
«Միացյալ Նահանգների ռեժիմը և նրա հանցակիցները, մասնավորապես՝ Իսրայելի ռեժիմը, չեն կարող խուսափել իմ երկրում թափված անմեղ արյան պատասխանատվությունից: 2025 թվականի հունիսին Իրանի դեմ 12-օրյա ագրեսիայի պատերազմի միջոցով չկարողանալով հասնել իրենց նպատակներին, նրանք այժմ փորձում են նույն նպատակներին հասնել քաղաքական անկայունության, ներքին անկարգությունների և քաոսի միջոցով: Այս ռազմավարությունը հիմնված է զոհերի թվի ավելացման, կեղծ և ուռճացված թվերի տարածման և արտաքին միջամտության համար պատրվակ ստեղծելու վրա»։
The Guardian-ը գրում է, որ ԱՄՆ մերձավորարևելյան դաշնակիցները կարծես կարողացել են համոզել Դոնալդ Թրամփին առայժմ զերծ մնալու Իրանի դեմ ռազմական հարձակումից։ Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան և Օմանը Թրամփին Իրանի վրա չհարձակվելու կոչ են արել, քանի որ խոշոր և անլուծելի հակամարտության մեջ կներքաշի ողջ Մերձավոր Արևելքը։