Ավելի ուժեղ ու դիմակայուն Սյունիք․ ԵՄ-ն՝ մարզի կողքին — Հայաստանի Հանրային Ռադիո

Կրթություն, առողջապահություն, սոցիալական ծառայություններ, ենթակառուցվածքներ, փոքր ու միջին բիզնես․ «Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում 2021թ․-ից մարզում իրականացվել է 28 ծրագիր, ընթացքի մեջ է 40-ը, առաջիկայում կտրվի ևս 10-ի մեկնարկը։ Նախաձեռնությունը Եվրոպական միությանն է՝ Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ 11 երկրների և Շվեյցարիայի հետ գործակցությամբ։ Նպատակը  Սյունիքի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը նպաստելն է։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը եվրոպական մի քանի երկրների դեսպանների հետ  աշնանը Սյունիքում էր։

Վասիլիս Մարագոս, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար․ «Դիմակայուն Սյունիք» ծրագիրը Սյունիքի բնակչությանն ուղղված  ծրագիր է։ Այն բոլոր նախաձեռնությունները, որ մենք անում ենք, ուղղված են այս գեղեցիկ մարզի բնակչությանը։ Եվրոպական միությունը կանգնած է ձեր կողքին, օժանդակում է ձեզ, որպեսզի դուք դառնաք ավելի դիմակայուն, ավելի ուժեղ»։

Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի ոռոգման նոր համակարգը  ջրով կապահովի  Հալիձոր համայնքի գյուղատնտեսական հողատարածքները՝ շուրջ 55 հեկտար մակերեսով։  Ոռոգման ջրի համակարգից կօգտվեն  700 տնային տնտեսություն, մոտ 4000 բնակիչ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ։ Ներքին բաշխիչ ցանցի կառուցման և միացման աշխատանքների ավարտից հետո համակարգի հզորությունը բավարար կլինի նաև  Շինուհայրի հողատարածքները ոռոգելու համար։ Ծրագրի առաջին փուլն իրականացվել է նախորդ տարի սուբվենցիոն ծրագրով՝ համայնքի, կառավարության և մասնավորի համագործակցությամբ։ 

Հալիձորում զարգացող ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է, և ոռոգման ջուրը, ըստ համայնքի վարչական ղեկավար Հասմիկ Ղարագյոզյանի, կարևոր է ոլորտի զարգացման համար։ Գյուղը հայտնի է թթի ծառերով, ու զբոսաշրջիկները հետաքրքրված են հալիձորցիների թորած օղիով՝ անկեղծանում է վարչական ղեկավարը։

Հասմիկ Ղարագյոզյան, Հալիձորի վարչական ղեկավար․ «30 տարուց ավելի Հալիձոր բնակավայրում ջուր չկա։ Որոշ հատվածներում ոռոգման ջուր կա, բայց տնամերձ հողատարածքներում, այգիներում ոռոգումը մարդիկ կատարում են խմելու ջրով։ Շատ ոռոգելի հատվածներ կան, եթե հզորությունը հերիքի, դաշտերը կոռոգենք, որտեղ մարդիկ նախկինում բանջարեղեն են ցանել»

2021 թ․ նոյեմբերին Գորիսում բացված մեծահասակների նեյրո-օրթոպեդիկ վերականգնողական կենտրոնն այս տարվանից   ընդլայնել է սոցիալական ծառայությունների շրջանակը։ Գորիս, Տեղ և Տաթև համայնքների բնակիչներին կենտրոնը մատուցում է  հարմարեցված սոցիալական տաքսի ծառայություն։ Ծրագիրը կյանքի է կոչվել  ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն։ Հաշմանդամություն ունեցող 23-ամյա Գեորգի Սախունցը  Գորիսի պետական քոլեջն է ավարտել։  Մի քանի մասնագիտություն ունի՝ համակարգչային օպերատոր, հաղորդակցության և  վաճառքի մասնագետ։ Դեռ շարունակում է սովորել և օտար լեզուներ ուսումնասիրել։

Գեորգի Սախունց, Գորիսի բնակիչ․ «Քանի որ իմ խնդրի պատճառով դեռ աշխատանք չեմ գտնում, որոշել եմ մինչև աշխատանք գտնելը տարբեր մասնագիտություններ յուրացնել, վերջում բոլորը կմիավորեմ, մի բան կստանամ։ հույս ունեմ աշխատանք կգտնեմ»։

Գեորգին ապրում է Գորիսի Ակներ բնակավայրում։ Նախկինում էլ տաքսիներից  օգտվում էր, բայց սոցիալական տաքսին ավելի հարմար է․ չի ուշանում ու անվճար է։ Ասում է՝ նաև նոր ընկեր է ձեռք բերել՝ տաքսու վարորդը, որն ամեն անգամ օգնում է ավտոմեքենա նստելիս։

Գեորգի Սախունց, Գորիսի բնակիչ․ «Ամեն դեպքում, իմ կյանքի որակը սոցիալական տաքսի ծառայությունը փոխել է»։

Հոկտեմբերից Կապանում գործող սոցիալական ձեռնարկությունը՝ տպագրատունն էլ  փոխել է  նախկին դատապարտյալների ու պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց կյանքի որակը։ Նախկին դատապարտյալների վերասոցիալականացման  «Ես փոխվում եմ» ծրագիրն իրականացվում է  ԵՄ-ի «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» նախաձեռնության շրջանակում։ Տպագրատան տնօրեն Ներսես Խառատյանը ծրագիրն աննախադեպ է համարում։

Ներսես Խառատյան, «Մետաքսե հնչյուն» տպագրատան տնօրեն․ «Մենք նպատակ ունենք կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց վերասոցիալականացնելու, աշխատանքով ապահովելու։ Հայաստանում վերասոցիալականացման ծրագրեր շատ են արվում, բայց հազվադեպ է մարդկանց զբաղվածության հարցը լուծվում։ Նպատակ ունենք  նախկին դատապարտյալների համար աշխատատեղեր ստեղծել, ընդ որում՝ ոչ միայն Կապանից, այլև Գորիսից, Սիսիանից, Մեղրիից, որոնք կընդունեն պատվերներն ու կուղարկեն տպագրատուն»։

«Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության ծրագրերը ֆինանսավորվում են երկու բաղադրիչով՝ դրամաշնորհներ ու վարկային միջոցներ։ Նախաձեռնության բյուջեն արդեն հատում է 200 մլն եվրոյի սահմանը՝ ասում է Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը։ Ծրագրերը շատ են ու շարունակական։

Նվարդ Հարությունյան, Սյունիքի մարզպետի խորհրդական․ «Ունենք սոցիալական ծրագրեր, որոնք հիմնվել են ու շարունակում են գործել։ Համայնքային ենթակառուցվածքներ ունենք, որոնցից բնակիչները օգտվում են։ Բիզնես աջակցման բաղադրիչով ծրագրերի արդյունքները հաջորդ տարի կտեսնենք, քանի որ հիմա հայտերի ընդունման, գնահատման, մարդկանց հետ աշխատանքի, դասընթացների, կարողությունների զարգացման փուլն է, ուստի շոշափելի արդյունքները եկող տարի կլինեն։ Ունենք կանաչ կլիմայի, գյուղատնտեսական ծրագրեր։ Այսինքն ծրագրերը բազմավեկտոր են։ Այստեղ համատեղվում են պետություն-միջազգային կառույց-համայնք ջանքերը, որովհետեւ ծրագրերը երբեմն խաչվում են  պետական աջակցման ծրագրերին, և որեւէ բաղադրիչով դրանց իրականացմանը միանում են միջազգային կառույցները»։

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կարևորում է նաև Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ու տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Վասիլիս Մարագոս, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար․ «Ուզում եմ ասել, որ մեզ համար յուրաքանչյուր հայաստանցի կարևոր է, և յուրաքանչյուր քաղաքացու կարծիք մեզ համար նշանակություն ունի։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են ձեր ենթակառուցվածքների, ձեր տնտեսության զարգացմանը, Սյունիքի մարզի անվտանգության ապահովմանը։ Օգտվելով ստեղծված հնարավորությունից՝  հիշեցնեմ, որ այստեղ են գտնվում Եվրամիության մշտադիտարկման առաքելությունը»։

Դեսպանը համոզված է, որ Եվրամիության հետևողական ուշադրությունն ու աջակցությունը Սյունիքին ավելի ուժեղ, անվտանգ ու դիմակայուն են դարձնելու մարզը։

Leave a Comment