Ադրբեջանից 4 հայ գերիների վերադարձն ու Հայաստանի կողմից դատապարտված երկու անձանց Սիրիային փոխանցելը միմյանց հետ կապ չունեն: Այս մասին այսսօրվա ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն: Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտն ավելի նպաստավոր կդարձնի»,-ասաց վարչապետը:
Հունվարի 14-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին։ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիները ՀՀ զինված ուժերի կողմից գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նրանց մեղադրանքներ էին առաջադրվել վարձկանության, միջազգային ահաբեկչության հոդվածներով։