Ադրբեջանի հետ փոխանակված 4 գերիների թվում է լիբանանահայ մեր հայրենակից Վիգեն Էուլջեքյանը: Այսօր նրա կինը՝ Լինդա Էուլջեքյանը Բեյրութից ժամանեց Հայաստան: Նա բավականին հուզվեց լրագրողներին տեսնելով, անգամ չէր կարողանում խոսել: Լինդան երեկ լրատվամիջոցներից էր տեղեկացել ամուսնու՝ գերությունից ազատվելու մասին:
Լինդա Էուլջեքյանին դիմավորելու էր եկել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Ես շատ ուրախ եմ, իմ ցանկությունը 5 տարի անց վերջապես ամուսնուս տեսնելն է… Երեխաներս չափազանց ուրախ են եւ չեն հավատում, որ սա իրականություն է»,- արցունքները զսպելով ասաց Վիգեն Էուլջեքյանի կինը:
Պատասխանելով լրագրողի՝ որդու ամուսնության մասին հարցին, Լինդան նշեց, որ այդ ամուսնությունը կկայանա, երբ Վիգենը Լիբանանում լինի:
Լինդա Էուլջեքյանը օդանավակայանից անմիջապես գնաց զինվորական հոսպիտալ, որտեղ գտնվում են ադրբեջանական գերությունից վերադարձած մեր հայրենակիցները:
Հիշեցնենք, որ նա անցյալ տարվա դեկտեմբերին ճարահատյալ դիմել էր Մեհրիբան Ալիեւային՝ խնդրելով ներում շնորհել իր ամուսնուն, քանի որ ապօրինաբար գերության մեջ գտնվող Վիգենը առողջական խնդիրներ ուներ, որեւէ դեղորայք չէր ստանում: Նա 15 օր շարունակ հացադուլի մեջ էր եղել, որպեսզի թույլ տրվեր հեռախոսով խոսել ընտանիքի հետ:
Բաքվի դատարանը Վիգեն Էուլչեքջյանին շինծու քրեական գործով մեղավոր էր ճանաչել «վարձկանության», «ահաբեկչության», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման» հոդվածներով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: