Հայր Ասողիկ. Գեղարդն անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ Մայր Աթոռում է

Հայր Ասողիկ. Գեղարդն անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ Մայր Աթոռում է

15 հունվարի 2026 – 10:38 AMT

PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը, Քննչական կոմիտեում վեց ժամ տևած հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գեղարդն անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ Մայր աթոռ սուրբ էջմիածնում է։

«Այն ամենը, ինչ որ ասվում է սուտ է, զրպարտություն, և չգիտեմ՝ ինչու են այդ ամենը շրջանառում»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Գեղարդից ինչ-որ մաս է փոխանցվել Ռուս ուղղափառ եկեղեցուն, Ասողիկ հայրապետն արձագանքել է՝ ընդգծելով, որ քրիստոնեական եկեղեցիները դարեր շարունակ մասունքներ են նվիրաբերել միմյանց։

«Դա բացառապես եկեղեցու իրավունքն է և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Ամբողջ քրիստոնեական աշխարհը գիտի, որ Հայաստանում կա Աստվածամոր Սուրբ գեղարդը, որն անխաթար է, անվնաս և մշտապես սուրբ Էջմիածնում է և այնտեղից դուրս չի բերվում»,– ասել է նա։

Հայր Ասողիկը հիշեցրել է, որ արդեն 2018 թվականին հասարակության մեջ շրջանառվել են կեղծ տեղեկություններ՝ իբր Սուրբ Գեղարդը նվիրաբերվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն։

«Մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը։ Այդպիսի մանրակերտ կարող եք գնել ցանկացած հուշանվերային խանութում, եկեղեցու տարածքում»,– շարունակել է հայր Ասողիկը։

Երբ լրագրողները նշել են, որ ինքն այլ մեկնաբանության մեջ նշել է՝ կոթառից փշուր է հանվել, նա հստակեցրել է, որ խոսքը եղել է Գեղարդի մանրակերտի մասին, որի մեջ տեղադրվել է այդ փշուրը՝ առանց խաթարելու սրբության ամբողջական տեսքն ու կառուցվածքը։

«Իսկ Կոթառի միջից դուրս բերելը չի նշանակում Գեղարդը մասնատել, Գեղարդը կտրել և այլն։ Նվիրել ենք ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին՝ Ալեքսի պատրիարքին, նրա ծննդյան 75- ամյակի առիթով, և այսօր այն պահվում է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Կոստանդին, Սուրբ Հեղինե մենաստանում։ Այս սրբությունը համաքրիսոնեական է, որն Աստծո օրհնությամբ և ողորմությամբ դարձել է հայ եկեղեցում պահվող, սակայն այն միայն հայ եկեղեցուն չի պատկանում»,– ընդգծել է քահանան։

Նա հավելել է, որ Հայ առաքելական եկեղեցին նաև նախկինում է մասունքներ նվիրաբերել տարբեր քրիստոնեական առաջնորդների։ Ասողիկ աբեղան հիշեցրել է՝ 18-րդ դարում Նոյան տապանի բեկորը նվիրաբերվել է ռուս կայսրուհուն, իսկ Վազգեն Վեհափառը՝ Սուրբ Թադեոսի մասունքը՝ Եթովպիայի կայսրին։

«Գարեգին առաջին վեհափառը Սուրբ Անդրեասի մասունքը նվիրաբերել է Ալեքսի պատրիարքին, այնպես էլ Գարեգին Երկրորդ կաթողիկոսն իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի` լինի աշխարհական, եկեղեցական, կարող է նվիրաբերել։ Դա եկեղեցու հովվապետի բացառիկ և լիակատար իրավունքն է, որևէ մեկը այստեղ իրավունք չունի ձայն անգամ արձակելու»,– մանրամասնել է հայր Ասողիկը։

2004 թվականին, ի պատիվ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ Գեղարդի բռնակից մի փոքրիկ քերվածք է ընծայաբերել պատրիարքին, որի տեղափոխումը հանձնվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին։

Leave a Comment