Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Իթիհադի» նախագահ Անմար Ալ-Հայիլին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած գնով ձեռք բերել Լիոնել Մեսսիի տրանսֆերը։
Թեև արգենտինացին երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականի ավարտը, ինչը գրեթե անհավանական է դարձնում նրա տեղափոխությունը, սաուդյան կողմը հույսը չի կորցնում։
«Եթե 38-ամյա ֆուտբոլիստը որոշի ուժերը փորձել այլ առաջնությունում, Սաուդյան Արաբիայում նրան սպասում են գրկաբաց։ Եթե Մեսսին պատրաստակամություն հայտնի տեղափոխվել «Ալ-Իթիհադ», ես նրան կառաջարկեմ պայմանագիր՝ իր իսկ նախընտրած ցանկացած գումարով։ Ժամկետը ևս նշանակություն չունի. այն կարող է լինել նույնիսկ ցմահ։ Ինձ համար ֆինանսական կողմը երկրորդական է, ես պարզապես ցանկանում եմ պայմանագիր կնքել Մեսսիի՝ պատմության մեծագույն ֆուտբոլիստի հետ»,- «Ալ-Իթիհադի» նախագահի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում է 2023 թվականից։