Անվտանգություն է նաեւ, երբ հասկանում ես քո տեղը և դիրքը աշխարհում. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունն իր հավակնությունները պետք է իր չափով ձեւակերպի, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք աշխարհը ճանաչելու հետ կապված եւ աշխարհի հետ ինքներս մեզ առերեսվելու հետ կապված խնդիր ունենք։ Այո, մենք արժանապատիվ հարաբերություններ ենք հաստատում մեր միջազգային խոշոր գործընկերների հետ, բայց մյուս կողմից մենք չպետք է մոռանանք` իրենք ովքեր են, մենք ովքեր ենք»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ դա հասկանալու համար պետք է գոնե նայել տարբեր երկրների մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, շեշտել, որ դա «ճոռոմ հայտարարություններով չի արվում»։

«Այսօր Սինգապուրի նման պետությունում, որը որի տարածքը Սեւանա լճի 2/3-րդի չափ է, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն տասն անգամ Հայաստանի Հանրապետությունից մեծ է։ Սա այն դեպքում, երբ իրենց բնակչությունը 5 միլիոն եւ ավելի է, մեր բնակչությունը՝ մոտավորապես 3 միլիոն»,- նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Նա նշել է, որ անվտանգություն ասելով անընդհատ բանակ ենք հասկանում, իսկ դա նշանակում է, որ «մենք անվտանգություն չունենք»։

Ըստ Նիկոլ Փաշինյանը՝ անվտանգություն է նաեւ, երբ «հասկանում ես քո տեղը եւ դիրքը աշխարհում, հասկանում ես աշխարհում ապրելու եւ գործելու կանոնները եւ հետեւում ես այդ կանոններին»։

Հայաստանն այսօր միջազգային հարաբերություններում դիրքավորվում է որպես պատասխանատու եւ համեստ երկիր, ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին, որ օգնել են Հայաստանին հասնել այսօրվա հանգրվանին։

Leave a Comment