Իլոն Մասկի արհեստական բանականության Grok չաթբոտը աշխարհի մի շարք երկրներում դժգոհության ու քննադատության տեղիք է տվել։ Այդ երկրները գլոբալ հետապնդում են որակում այն ու սկսել են սահմանափակել ու խստացնել Grok –ի դեմ պայքարը։ Բանն այն է, որ չատբոտը, առանց համաձայնության, անբարո բովանդակությամբ ֆեյքեր է ստեղծում օգտատերերի մասին։
Աշխարհի մի շարք երկրներում իշխանություններ փորձում են սահմանափակել Grok-ի՝ Իլոն Մասկի արհեստական բանականության չաթբոտի գործունեությունը։ Այն անբարո բովանդակությամբ պատկերներ է ստեղծում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել այդ երկրներում։
Անցյալ ամռանը Grok-ի հովանավոր xAI ընկերությունը չաթբոտում ավելացրեց պատկերների ստեղծման մի գործառույթ, որը այսօր մեծ աղմուկ է առաջացրել աշխարհում։ Որոշ երկրներ անգամ քրեական հետաքննություններ են սկսել։
Ինդոնեզիան առաջին երկիրն է, որը ժամանակավորապես արգելափակել է Grok-ը, որպեսզի պաշտպանի կանանց ու երեխաներին արհեստական բանականության ստեղծած անբարո բովանդակության ազդեցությունից։
«Կառավարությունը ոչ համաձայնեցված անպարկեշտ դիփֆեյքերը համարում է մարդու իրավունքների, արժանապատվության և թվային տարածքում անվտանգության լուրջ խախտում», — ասվում է Ինդոնեզիայի Կապի և թվային տեխնոլոգիաների նախարարության հայտարարության մեջ։
Ինդոնեզիայի կառավարությունը համարում է, որ չատբոտի գործունեությունը խախտում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Ինդոնեզիայից բացի Մասկի Grok չաթբոտը արգելափակել է նաև Մալայզիան ։
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ հետաքննում է Grok-ի կողմից անպարկեշտ, բացահայտ սադրիչ պատկերների ստեղծման դեպքերը։
Ռոյթերսի տվյալներով՝ հանձնաժողովը X-ին պարտավորեցրել է պահպանել Grok-ին վերաբերող բոլոր փաստաթղթերը մինչև տարեվերջ, որպեսզի ԵՄ երկրները կարողանան գնահատել, թե արդյոք հարթակը համապատասխանում է ԵՄ կանոններին։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «վրդովված է, որ տեխնոլոգիական հարթակը օգտատերերին թույլ է տալիս առցանց թվային եղանակով մերկացնելու կանանց և երեխաներին»։
Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցների կարգավորող մարմինը հետաքննություն է սկսել xAI-ի մայր ընկերության և Իլոն Մասկի սոցիալական մեդիա հարթակի նկատմամբ: Կարգավորող մարմինը գտնում է, որ Grok-ը օգտագործվել է անպարկեշտ և ոչ համաձայնեցված պատկերներ ստեղծելու համար:
Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինը կարող է նաև դիմել դատարան՝ պահանջելով ինտերնետային ծառայություններ մատուցողներին արգելափակել Grok-ի մուտքը, եթե X-ը չկատարի գերատեսչության պահանջները:
Ըստ այդմ՝ X-իը կարող է տուգանվել ՝ իր համաշխարհային շրջանառության մինչև 10 տոկոսի կամ 18 միլիոն ֆունտ ստեռլինգի, այսինքն՝ 20 միլիոն եվրոյի չափով:
Այս տարվա հունվարի սկզբին Փարիզի դատախազությունը ընդլայնել է X-ի նկատմամբ իր հետաքննությունը՝ ներառելով նաև Grok-ը։
Հետաքննությունը ընդլայնելու որոշում է կայացրել է նաև ԵՄ–ն, այն բանից հետո, երբ մի խումբ քաղաքական գործիչներ հարթակը մեղադրեցին անչափահասների մասնակցությամբ կեղծ անբարո բնույթի տեսանյութեր ստեղծելու և տարածելու համար։
Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Իտալիայի տվյալների պաշտպանության մարմինն է զգուշացրել, որ քրեական մեղադրանք կառաջադրվի այն անձանց, որոնք Grok-ի կամ արհեստական բանականության այլ հարթակների միջոցով անբարո պատկերներ կտարածեն։
Նման բովանդակության ստեղծումը և տարածումը առանց պատկերված անձի թույլտվության, կարող է համարվել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների լուրջ խախտում, — նշում է Իտալիայի տվյալների պաշտպանության մարմինը։ Դեռ անցած տարի Իտալիան իր քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելացրել, որը մինչև հինգ տարվա ազատազրկում է նախատեսում արհեստական բանականությամբ աշխատող դիփֆեյքեր տարածելու համար։
Գերմանիան էլ հայտարարում է, որ շուտով թվային բռնության դեմ նոր օրենքի նախագիծ կներկայացնի։
Ավստրալիայում նույնպես փորձում են հստակեցնել, թե արդյո՞ք Grok հարթակը համապատասխանում է երկրի սոցիալական մեդիայի մասին օրենքին։
Grok-ի շուրջ համաշխարհային բողոքի և քննադատության առաջացրած աղմուկից հետո Տեխասում մի միջոցառման ժամանակ Իլոն Մասկի հետ բեմ դուրս եկած ԱՄՆ պատերազմի նախարար Փիգ Հեգսեթը հայտարարել է, որ իրենք պատերազմի համար զենքեր և համակարգեր են ստեղծում, այլ ոչ թե չաթբոտեր․
«Այսօր մենք ուրախ ենք հայտարարելու Grok-ին և xAI-ին միանալու մասին։ Շատ շուտով մենք կունենանք աշխարհի առաջատար արհեստական բանականության մոդելները մեր գերատեսչության բոլոր չդասակարգված և դասակարգված ցանցերում, ինչը վաղուց էր սպասվում։ Եվ մենք չենք կիրառի արհեստական բանականության մոդելներ, որոնք թույլ չեն տա ձեզ պատերազմելու»։
Միջազգային մամուլը գրում է, որ համաշխարհային այս քննադատությունից հետո արհեստական բանականության Grok չաթբոտը որոշ չափով սահմանափակել է անբարո բովանդակությամբ պատկերների ստեղծման հնարավորությունը։