ACA-ի նախագահ Մագոմեդ Բիբուլատովը Sport24-ին տված հարցազրույցում մեկնաբանել է դեկտեմբերին Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի և Մեհդի Բայդուլաևի միջև տեղի ունեցած գոտեմարտը։
Հիշեցնենք, որ այդ դիմակայությունում հաղթանակը բաժին էր հասել Ծառուկյանին։
Բիբուլատովը, վերլուծելով գոտեմարտը, նշել է, որ Բայդուլաևը սխալ մարտավարություն էր ընտրել։
«Գոտեմարտից հետո խոսեցինք Մեհդիի հետ։ Ես նրան հարցրի՝ ինչո՞ւ էր նա պայքարում ազատ ոճի ըմբիշի պես, եթե մենամարտը գրեփլինգի կանոններով էր։ Արմանը թոփ մակարդակի մարտիկ է, թիվ մեկն աշխարհում իր քաշային կարգում։ Նրա դեմ այդպես պայքարելը բարդ է։ Մեհդին դեռ վերջերս հանդես էր գալիս մինչև 61 կգ քաշային կարգում, հետո բարձրացավ 66 կգ, բայց այս քաշի համար նա ֆիզիկապես դեռ թույլ է, իսկ գոտեմարտը տևեց 10 րոպե», — նշել է ACA-ի ղեկավարը։
Նրա խոսքով՝ թեև առաջին 5 րոպեներին Բայդուլաևը լավ դիմադրություն է ցույց տվել, սակայն Ծառուկյանի դիմացկունությունն ու հզորությունը վճռորոշ դեր են խաղացել երկրորդ կեսում։
Մագոմեդ Բիբուլատովը անդրադարձել է նաև մարտից հետո տեղի ունեցածին՝ քննադատելով Արման Ծառուկյանի էմոցիոնալ պահվածքը։
«Մեդիա տեսանկյունից սա օգտակար էր Մեհդիի համար, բայց գոտեմարտից հետո շատ ավելորդ բաներ ասվեցին։ Արմանը խնդիրներ ունի էմոցիաների հետ, նա պետք է զսպի իրեն։ Պետք չէր այդպես բուռն ուրախանալ Մեհդիի նկատմամբ տարած հաղթանակով։
Երբ դու համեստ ես, մարդիկ հասկանում են, որ հաղթանակը քեզ համար սենսացիա չէ։ Իսկ երբ միացնում ես էմոցիաները, տպավորություն է ստեղծվում, թե ինքդ էլ չէիր սպասում հաջողությանը։ Հաղթեցի՞ր՝ հանգիստ հեռացիր, չէ՞ որ դու հաղթել ես երիտասարդ տղայի, ով դուրս էր եկել փոխարինման», — եզրափակել է Բիբուլատովը։