Բացահայտվել է, թե ինչ է ասել Վինիսիուսը Սիմեոնեին սուպերգավաթային դերբիում

Իսպանական մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի և Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի միջև ծագած կոնֆլիկտը։

Ինչպես հայտնում է El Partidazo de COPE-ը, «Ատլետիկոյի» ներկայացուցիչները պնդում են, որ բրազիլացի ֆուտբոլիստը ծաղրել է իրենց պահեստայինների նստարանին գտնվողներին, երբ մրցավարից պահանջում էր 11 մետրանոց նշանակել։ Միջադեպի ընթացքում Սիմեոնեն ֆուտբոլիստին հորդորել է կենտրոնանալ խաղի վրա, ինչին ի պատասխան՝ Վինիսիուսը քմծիծաղով պատասխանել է՝

«Հանգի՛ստ, հիմա քո դարպասին 11 մետրանոց հարված են նշանակելու»։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 2-1 հաշվով առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ և դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ։ Տիտղոսի համար վճռորոշ խաղում «արքայական» ակումբը ուժերը կչափի կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ հունվարի 11-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։

Leave a Comment