Ռուսական զինուժը անցած գիշեր հարվածել է Կիևին ու Լվովին, կան զոհեր ու վիրավորներ։ Լրատվամիջոցները գրում են, որ Կիևում անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր։ Զոհվել է մոտ չորս մարդ։ Ռուսական ուժերը «Օրեշնիկ» հրթիռներով հարվածել են գազի հանքավայրին։ Լվովի որոշ շրջաններում վնասվել են բնակելի շենքեր ու ենթակառուցվածքներ, էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումը խափանվել է։
Հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու սարքերով զանգվածային հարձակում են կատարել Կիևի վրա։ Ուկրաինայի մայրաքաղաքում կան զոհեր ու մի քանի տասնյակ վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Կիևի Դնեպրովսկի շրջանում բնակելի բարձրահարկ շենք է վնասվել։ Այլ շրջաններում հարձակման թիրախ են դարձել առևտրի կենտրոն ու 24 հարկանի ոչ բնակելի մի շենք։
Կիևի քաղաքապետն ասել է, որ մայրաքաղաքում կարևոր ենթակառուցվածքներ են վնասվել, ընդհատվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը։ Ականատեսները պատմում են, թե ինչ է կատարվել Կիևում․
«Ես կանգնած էի սենյակում իմ շան հետ, պատուհանի դիմաց, և տեսա կարմիր կրակի շերտեր՝ չորս կամ հինգ հատ, ապա պայթյուն եղավ։ Իմ պատուհանը կոտրվեց։ Սկսեցի փնտրել շանս, որը անհետացել էր։ Հետո նայեցի պատուհանից դուրս և տեսա, որ ընկերոջս տունը այրվում է, ու վազեցի տեսնելու, թե ինչպես են նրանք»։
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են նաև Լվովի մարզին։ Այստեղ ևս վնասվել են ենթակառուցվածքներ։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ռուսական բանակի թիրախը եղել է գազի հանքավայրը և գազի ստորգետնյա պահեստը։
Լվովի մարզի վրա հարձակումից մի քանի ժամ առաջ մոնիթորինգային ալիքները անսովոր ակտիվություն են գրանցել Լվովին մոտ գտնվող Ռուսաստանի զորավարժարանի տարածքում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսական բալիստիկ հրթիռը հարվածել է Լվովի ենթակառուցվածքային օբյեկտների»: Հաղորդվում է, որ հրթիռը թռել է ժամում մոտ 13․000 կիլոմետր արագությամբ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ուկրաինայի վրա «Օրեշնիկ» գերձայնային հրթիռ է արձակել։
«ՌԴ նախագահի նստավայրի վրա Կիևի հարձակմանն ի պատասխան՝ ռուս զինծառայողներն ուկրաինական կարևորագույն թիրախներին զանգվածային հարված են հասցրել, այդ թվում՝ «Օրեշնիկ» հրթիռային համակարգով», -նշվում է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
Անցած տարվա վերջին ռուսական կողմը հայտնել էր, որ Պուտինի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու սարքերով գրոհի փորձ է եղել։
Պաշտոնական Կիևը հերքել էր Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին լուրերը:
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Կրիվոյ Ռոգ քաղաքի ուղղությամբ «Իսկանդեր» տեսակի երկու բալիստիկ հրթիռ է արձակվել։ Նրանք վկայակոչում են Կրիվոյ Ռոգի անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի գրառումը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ սպասում է բանակցային թիմի Ուկրաինա վերադարձին, որպեսզի մանրամասն տեղեկանա, թե ինչ հարցեր են քննարկվել ամերիկյան ու եվրոպական կողմերի հետ։
«Բանակցային թիմը վերադառնում է Ուկրաինա։ Ես սպասում եմ զեկույցի՝ բոլոր մանրամասներով, այդ թվում՝ այն մանրամասներով, որոնք չեն կարող քննարկվել հեռախոսով։ Հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր ձևաչափերով՝ և՛ ամերիկյան և՛ եվրոպական թիմերի հետ։ Կարծում ենք, որ Միացյալ Նահանգների հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը պատրաստ է ստորագրման՝ ամենաբարձր մակարդակով»։
Ըստ Զելենսկիի՝ ամերիկյան թիմը պետք է պատասխան ստանա Ռուսաստանից, թե ինչի է պատրաստ Մոսկվան, և արդյոք իսկապես պատրաստ է դադարեցնել պատերազմը:
«Մենք կարծում ենք, որ միայն ճնշումը կլուծի այս խնդիրը՝ ճնշումը Ռուսաստանի վրա, և միայն այն դեպքում, եթե դա բավարար լինի: Այս պահին Ռուսաստանը ավելի շատ խաղադրույք է կատարում ձմռան, քան դիվանագիտության վրա՝ մեր էներգետիկ համակարգի դեմ բալիստիկ հրթիռների վրա, քան Միացյալ Նահանգների հետ համագործակցության և նախագահ Թրամփի հետ համաձայնագրերի վրա: Սա պետք է փոխվի՝ Ռուսաստանի վրա ճնշման և Ուկրաինային շարունակական աջակցության միջոցով»:
«Օրեշնիկով» գերձայնային հրթիռներով հարձակման ենթարկվելուց հետո Կիևը ՄԱԿ ԱԽ-ի շտապ նիստ է հրավիրել՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար։