Մենք հաստատապես կանգնած ենք ցանկացածի կողքին, այդ թվում՝ իրանցի ժողովրդի, որը ներգրավված է բողոքի խաղաղ ակցիաներում եւ պաշտպանում է իր իրավունքները։
Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հինգշաբթի տված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի՝ Իրանում բողոքի ակցիաների վերաբերյալ հարցին ի պատասխան։
«Իրանական ռեժիմն, ակներեւաբար, շատ խնդիրներ ունի։ Ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է ասել, նրանց ամենախելացի քայլը կլիներ իրենց միջուկային ծրագրի առնչությամբ մեր ակնկալիքների վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ իրական բանակցություն ունենալը։ Սա՝ թե՛ երկու ամիս առաջ, թե՛ այսօր»։
Վենսը սահմանափակվեց այսքանով՝ նշելով, որ հետագայի կոնկրետ քայլերի մասին կարող է նախագահ Դոնալդ Թրամփը խոսել։
Չնայած լրագրողը փոխնախագահին հարցրել էր նաեւ Իրանի միջուկային կետերին Իսրայելի հնարավոր հարվածների ժամանակ ամերիկյան հնարավոր ներգրավվածության մասին, Վենսը հարցին չանդրադարձավ։
Հիշեցնենք․ Միացյալ Նահանգների օդային ուժերը հունիսի 22-ին հատեցին Իրանի օդային սահմանները՝ վնասելով եւ ոչնչացնելով Իրանի միջուկային հաստատությունները։ Թրամփը ամերիկյան կարճատեւ միջամտությունից հետո, հունիսի 23-ին, հայտարարեց իրանաիսրայելական 12-օրյա պատերազմի ավարտի մասին։
Սկսած՝ 34:00-ից
«Նրանց շատ խստորեն ասվել է․․․»․ Թրամփ
Հինգշաբթի նախագահ Թրամփը կրկին հրապարակավ զգուշացրել է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությանը՝ ցուցարարների սպանությունների դեպքում ամերիկյան միջամտությամբ։
«Նրանք գիտեն, եւ նրանց շատ խստորեն ասվել է, ավելի խստորեն, քան հիմա եմ ասում, որ եթե նման բան անեն, դժոխային գին են վճարելու», – ասել է նախագահը։
Համատեքստ
Իրանի փողոցներում լարված իրավիճակ է։ Ցուցարարները բողոքում են կենցաղավարության թանկության եւ ազգային արժույթ ռիալի արժեքի գահավիժման պատճառով։
Հինգշաբթի գիշերը երկրում համացանցն անհասանելի է դարձել։
Խոշորագույն ակցիաներն արձանագրվում են մայրաքաղաք Թեհրանում, Սպահանում, Գորգանում, Բաբոլում։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: