Հալեպ քաղաքում երկրորդ օրն է վերսկսվել են մարտերը Սիրայի կառավարական ուժերի և քրդական կազմավորումների միջև։
Երեքշաբթի օրը Հալեպի երկու քրդական թաղամասերում ընթացել են հրետանու կիրառմամբ մարտեր։ Տեղական աղբյուրների համաձայն՝ առաջին օրը զոհվել է վեց մարդ։
Reuters-ի փոխանցմամբ՝ գիշերը հարաբերական դադար է եղել, սակայն չորեքշաբթի մարտերը վերսկսվել են։ Հալեպի առողջապահության վարչության տվյալներով՝ զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ 18-ը։
Չորեքշաբթի Սիրիայի կառավարությունը պահանջել է, որ քուրդ մարտիկները լքեն Հալեպի Շեյխ Մասուդ և Աշրաֆիե քրդական թաղամասերը։
Քաղաքացիական պատերազմի ընթացքում սիրիացի քրդերը Սիրիայի հյուսիս-արևելյան մասում, նաև Հալեպում ստեղծել են իրենց ինքնավար շրջանները։ Նրանց զինված խմբավորումները՝
Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) մինչև 2025 թվականի վերջը, Դամասկոսի նոր իշխանությունների հետ կնքված համաձայնագրի համաձայն, պետք է միավորվեին սիրիական բանակին հետ։ Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում այդ ծրագրի ձախողման համար։
Սիրիական բանակը չորեքշաբթի, ժամը 15:00-ից (12:00 GMT) Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերը հայտարարել է «փակ ռազմական գոտիներ»՝ ստեղծելով «երկու անվտանգ մարդասիրական միջանցք» խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար, հաղորդում է Agence France Presse-ը։
AFP-ի թղթակիցները Հալեպում ականատես են եղել, թե ինչպես են հազարավոր մարդիկ լքում այդ թաղամասերը։
Տեղացի դիտորդները նշում են, որ Թուրքիան կարող է կրկին միջամտել Դամասկոսի և քրդերի միջև ձգձգվող հակամարտությանը։
Բաշար ալ-Ասադի տապալումից հետո Թուրքիան սերտ կապեր է հաստատել Դամասկոսի նոր կառավարության հետ և այժմ Սիրիայի հիմնական դաշնակիցներից մեկն է։
Թուրքիան իր սահմանին ուժեղ քրդական զինված խմբավորումների առկայությունը համարում է սպառնալիք և սիրիական պատերազմի ընթացքում մի քանի անգամ հարձակվել է՝ սահմանային շրջաններից SDF-ին հետ մղելու համար։