«Անգամ չգիտեմ՝ էդ ուխտերթն ինչ գաղափար ունի. հերթական սրբապղծությունն են բեմադրում»․ Գառնիկ Դանիելյան

«Երեկ Ճրագալույցի պատարագին շատ բազմամարդ իր մասնակցությամբ ժողովուրդը Մայր Աթոռում հաստատեց իր աջակցությունը Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, վեհափառ տիրոջը»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ըստ նրա՝ այս իշխանությունը, որը ստեղծել է այս ատելության և գաղջ մթնոլորտը, շարունակում է հակաեկեղեցական արշավը։ Այնուհետև հույս հայտնեց, որ ի վերջո հաղթանակով պսակվի՝ հօգուտ բոլոր եկեղեցու պաշտպանների․ «Մենք իրապես կկարողանանք մեր արժեքները, սրբությունները պահել։ Այս արշավանքը, որը հրահրվել է իշխանության կողմից, դրսի թելադրանքով և ցուցումներով է։ Պարզ է՝ այս ամենի հետևում կանգնած են այն ուժերը, որոնք շահագրգռված են, որ եկեղեցին մասնատվի, քայքայվի»։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ իր աթոռը պահելու համար այս ամենը կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի կողմից․ «Երեկ Նիկոլը տոտալ ձախողում է ապրել եկեղեցու դեմ արշավում։ Ձախողում ապրեցին նաև Գյումրիում, երբ հավատավոր ժողովուրդը և մեր հոգևոր դասը թույլ չտվեցին, որ մեր սրբությունները պղծեն, և տոտալ բոյկոտ տեղի ունեցավ։ Երկրորդ փորձն էլ ձախողվեց։ Երրորդը, որ ամենակարևորն էր, այն էր, որ տիրադավ եպիսկոպոսները, որոնք մասնակից են դառնում սրբապղծությանը, փորձեցին ձախողել ժամերգության արարողությունը Մայր Աթոռում։ Պարզ էր, որ իշխանությունն այս ձախողումներից հետո իրենց սեփական դեմքը փորձ են կատարում փրկել։ Էջմիածնի ձախողումից հետո պատուհասը, չհաշտվելով ստեղծված իրավիճակի հետ, հավաքում է տիրադավներին, դեմ է տալիս պատրաստի մի թուղթ և ստորագրում մի փաստաթուղթ, որը ոչ բարոյական, ոչ իրավական աղերս չունի։ Սահմանադրության 7-րդ կետով եկեղեցին անջատ է պետությունից։ Ցանկացած փորձ, միջամտություն կրոնական կազմակերպության գործերին, քրեորեն պատժելի է։ Մեկ աթոռ դրել է սեղանի գլխին, նստել, ու սևը սպիտակի վրա գրված է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Ինքն իր դեմքով հանդես է գալիս և ցույց տալիս, թե իշխանական ամբողջ համակարգն ինչպես է միջամտում եկեղեցու գործերին։ Սա հակապետական գործունեություն է։ Դրանից առաջ բազմաթիվ փաստեր ունենք, որ ԱԱԾ-ն կոնկրետ ցուցում է ստացել ճնշում գործադրել, բնականոն ընթացքը խոչընդոտել, սեփական մեկնաբանությամբ պատարագ մատուցել, Արցախ աշխարհի անունը, Վեհափառ տիրոջ անունը զեղչել։ Սա քրեորեն պատժելի արարք է: Մինչև հիմա քիչ կազմակերպություններ են խոսել դրա մասին։ Իշխանությունն ամբողջությամբ լծված է ապօրինի, հակապետական հակազգային գործերին․ սա մեծագույն ողբերգություն է մեր ժողովրդի համար»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ուխտերթի մասին՝ նա ասաց․ «Անգամ չգիտեմ՝ էդ ուխտերթն ինչ գաղափար ունի։  Հերթական սրբապղծությունն են բեմադրում․ պետական աշխատողներին կոչ են անում, որ եթե չմասնակցեք, կզրկվեք ձեր աշխատանքից։ Հեռու մնացեք մեր սրբություններից, դուք կապ չունեք մեր սրբությունների հետ»։

Գառնիկ Դանիելյանը նաև մտահոգություն հայտնեց ՀԷՑ-ի հետ կատարվողի մասին․ «Հավաստիացնում եմ՝ ՀԷՑ-ը չի լինելու հայկական, նույնն էլ բենզինի հետ կապված։ Մարդիկ կան, որ իրենց համար միևնույն է՝ ինչ բենզին կլինի, կարևորը էժան բենզին լինի։ Մի քանի կանիստր բենզինի համար պատրաստ են ադրբեջանական բենզին գնել այն պարագայում, երբ մեկանգամյա տրանզիտի համար է, այն էլ Վրաստանը տուրք չի վերցրել, դրա համար է, որ բենզինն էժան է։ Հիմա էլ կասեն՝ ի՞նչ անենք՝ ՀԷՑ-ը մերը չէ, կասեն՝ կարող է նաև թուրքերինը, ադրբեջանցիներինը լինել։   Պատկերացնում ենք, թե ինչ հետևանքներ կարող է սա ունենալ մեր էներգետիկ անվտանգության համար»։ Գառնիկ Դանիելյանը նաև մտահոգություն հայտնեց, որ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում Բաքվում պահվող հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու համար․ «Տարիներ են անցել, այդ մարդիկ այնտեղ են, այս իշխանություններն ի՞նչ են արել, հակառակը, ՀՀ բանտերը Նիկոլ Փաշինյանը լցրել է իր համար ոչ ընդունելի մարդկանցով։ Եթե մի մարդ Նիկոլ Փաշինյանի դուրը չի գալիս, հայտնվում է բանտում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment