Ադրբեջանական մամուլի հետ նախագահ Իլհամ Ալիեւի զրույցի ժամանակ Բաքվի կողմից կիրառվող «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը հնչել է 10 անգամ։
«Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ աշխարհագրական կապի հաստատումը, որի մասին մենք շատ տարիներ ենք երազել, տեղի ունեցավ հենց նույն օրը (օգոստոսի 8-ին – խմբ․)։ Այլ կերպ ասած, Զանգեզուրի միջանցքն արդեն հաստատվել է ԱՄՆ նախագահի կողմից։ Ես հիմա համոզված եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կասկած չունի, որ Զանգեզուրի միջանցքը կբացվի», – ասել է Ալիեւը։
«Զանգեզուր միջանցքի իրականացումը պետք է լուծված խնդիր համարել։ Չեմ կարծում, թե Հայաստանը կկարողանա խուսափել դրանից։ Դա հավասարազոր կլիներ ինքնասպանության՝ հատկապես հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահ Թրամփն իր անունն է տվել այս ճանապարհին, եւ սա արդեն իր ճանապարհն է։ Հայաստանից եկող նորությունները նույնպես հուշում են, որ ճանապարհի ֆիզիկական շինարարությունը ծրագրված է այս տարվա համար», – ասել է նա։
Երկրի ղեկավարը հավելել է, որ եթե անգամ «Զանգեզուրի միջանցք»-ն այլ անուն կրի, բնույթը նույնն է մնալու՝ առանց մանրամասնելու, թե ինչ նկատի ունի։
Բաքվի պատկերացմամբ, նշել է Ալիեւը, «Զանգեզուրի միջանցք»-ը ոչ միայն կապելու է Ադրբեջանը Նախիջեւանին, այլեւ որպես բեռների տարանցման միջազգային կապուղի է ծառայելու՝ մեկնարկելով Չինաստանից եւ Կենտրոնական Ասիայից եւ ձգվելով դեպի Արեւմուտք, Միջին Արեւելք, Պարսից ծոց եւ հյուսիս։
Հատկանշական է, որ Ալիեւն իր խոսքում քանիցս կիրառել է «Արեւելյան Զանգեզուր» եզրույթը, ինչը կարող նշանակել, որ ըստ նախագահի` գոյություն ունի նաեւ «Արեւմտյան Զանգեզուր»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: