
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առողջական վիճակը «կատարյալ» է՝ տարիքին առնչվող հանրային քննարկումների և մտահոգությունների ֆոնին։
The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ երկար տարիներ օրական ընդունում է 325 մգ ասպիրին՝ բժիշկների կողմից հաճախ առաջարկվող 81 մգ դեղաչափի փոխարեն՝ ընդգծելով, որ չի ցանկանում փոխել այդ ռեժիմը։ Նա նաև հայտնել է, որ հոկտեմբերին անցել է համակարգչային տոմոգրաֆիա, որը որևէ շեղում չի արձանագրել։
Նախագահը նշել է, որ կանոնավոր մարզանքով չի զբաղվում՝ այն համարելով «ձանձրալի», սակայն շարունակում է գոլֆ խաղալ։ Արձագանքելով իր առողջության վերաբերյալ քննադատություններին՝ Թրամփը հերքել է հանրային միջոցառումների ընթացքում քնելու մասին պնդումները՝ ասելով, որ երբեմն պարզապես փակում է աչքերը։
Թրամփի բժիշկը նշել է, որ նախագահը ունի լավ առողջական ցուցանիշներ և լիովին պատրաստ է կատարել ԱՄՆ նախագահի պարտականությունները։