AI-ի խայծերի, իրական կյանքում մենակ, իսկ վիրտուալում՝ հոգատարությամբ շրջապատված մարդկանց ու խաղաղության մասին․ «2025-ի բառ»-ի փնտրտուքը

2025-ը մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրել են աշխարհի առաջատար  բառարաններն ու լեզվաբանական ծառայությունները։ Այս տարի ևս առաջատարը արհեստական բանականության լավ ու վատ ազդեցությունը նկարագրող արտահայտություններն են։ Ուշագրավ է, որ ամերիկյան ամենահայտնի բառարանների հրատարակիչ Merriam‑Webster-ը «slop»՝ կեղտ, թափոն բառով է նկարագրել արհեստական բանականությամբ ստեղծվող կեղծ բովանդակությունը`հիշեցնելով, որ այդ բառն առաջին անգամ գործածվել է 1700-ականներին՝ ցեխ իմաստով։

«Պարասոցիալական», «զայրույթի խայծ», «ցածրորակ թվային բովանդակություն»․ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս բառակապակցությունները 2025-ը նկարագրող արտահայտություններն են և վերաբերում են արհեստական բանականության գեներացրած բովանդակությանը։ Աշխարհի առաջատար բառարաններն արդեն հրապարակել են տարվա բառերը, դրանց առանցքում  արհեստական բովանդակությունը, սոցիալական մեդիայի ազդեցությունը և իրականության կեղծումն են։ Այսպես, Քեմբրիջի բառարանն անցնող տարին մի բառով «պարասոցիալական» է անվանել, ինչը նշանակում է միակողմանի կապ, երբ մարդը զգացմունքային մտերմություն է զգում մեկի նկատմամբ, ով իրեն իրականում չի ճանաչում։ 

«Բլոգեր՝ hey guys․․․․․․»

Սոցիալական ցանցերը, բլոգերների՝ ամեն օր ավելի մեծ դարձող բանակը ջնջում են հանրայինի ու անձնականի սահմանը։ Հավանաբար այսօր գոնե մեկ անգամ մտածել եք, թե ինչ է անում իրական կյանքում ձեզ անծանոթ մարդը, գնե՞ց նոր հեռախոս, գնա՞ց երեկույթի կամ ի՞նչ նոր գրառում կանի Նոր տարվա գիշերը։ Սա, ըստ Քեմբրիջի բառարանի, լավագույնս նկարագրում է միջին վիճակագրական մարդու առօրյան 21-րդ դարի 25-րդ տարում։ Բառարանը հատուկ ուշադրություն է հրավիրել նաև արհեստական բանականության վրա։ Ընկերներ ու սոցիալական հարաբերություններ չունեցող մարդուն արհեստակական բանականությունը կարող է սփոփել, բացատրել, որ ամեն ինչ լավ է և որ ինքը միշտ այդ մարդու հետ է ցանկացած պահի ու ցանկացած տեղում։

*****

Օքսֆորդի բառարանի՝ տարվա բառի ընտրությունը մի փոքր լրագրողական է։ «Rage bait» արտահտությամբ, որը բառացիորեն նշանակում է զայրույթի խայծ, բառարանը նկարագրել է 2025-ին թվային հարթակներում կեղծ տեղեկատվության՝ օրեցօր մեծացող ծավալը։ «Երեք օր տևած քվեարկությունից հետո, որին մասնակցել է ավելի քան 30000 մարդ, մենք «զայրույթի խայծ» բառն ընտրել ենք որպես տարվա պաշտոնական բառ», – ասվում է բառարանի էջի պաշտոնական հայտարարության մեջ։ Այս տերմինը վերաբերում է այն առցանց բովանդակությանը, որը ճշմարիտ չէ և միտումնավոր է ստեղծվում՝  զայրույթ կամ վրդովմունք առաջացնելով։ Նման տեղեկատվության ծավալը վերջին մեկ տարվա ընթացքում եռապատկվել է։

«Այն փաստը, որ «զայրույթի խայծ» արտահայտությունը գոյություն ունի, նշանակում է, որ մենք ավելի ու ավելի ենք գիտակցում այն ​​մանիպուլյատիվ միջոցների առկայությունը, որոնց մեջ կարող ենք ներքաշվել առցանց տիրույթում։ Համացանցը նախկինում կենտրոնանում էր մեր ուշադրությունը գրավելու, հետաքրքրասիրությունը շարժելու խնդրի վրա, բայց հիմա տեսնում ենք դրամատիկ տեղաշարժ՝ մեր հույզերը գրավելու, դրանց վրա ազդելու, մեր արձագանքը ուղղորդելու ուղղությամբ։ Սա, թվում է, տեխնոլոգիական աշխարհում մարդ լինելու և առցանց մշակույթի ծայրահեղությունների մասին զրույցի բնական շարունակություն», – ասել է Օքսֆորդի լեզվաբանական ծառայության նախագահ Կասպեր Գրատվոլը։

*****

Ամերիկյան ամենահայտնի բառարանների հրատարակիչ Merriam‑Webster-ը «slop»՝ բառացի թարգմանությամբ կեղտ, թափոն բառն է առանձնացրել անցնող տարվա համար։ Ըստ Merriam-Webster-ի նախագահ Գրեգ Բարլոուի՝ արտահայտությունը բնորոշում է  արհեստական բանականությամբ գեներացված ակնհայտորեն կեղծ, նյարդայնացնող, երբեմն սարսափելի բովանդակությունը։ 

«Աբսուրդային տեսանյութեր, գովազդային տարօրինակ պատկերներ, անորակ քարոզչություն, իրական թվացող կեղծ լուրեր, արհեստական ​​բանականության կողմից գրված անպետք թվային գրքեր»- բացատրել է բառընտրությունը Բաևլոուն։

Ուշագրավ է, որ արհեստական բանականության կեղծ բովանդակությունը նկարագրող բառն առաջին անգամ օգտագործվել է 1700-ականներին՝ ցեխ, թափոն իմաստներով։

*****

Վերջին երկու տարիների համար մեր երկրում պաշտոնապես հրապարակված «տարվա բառ» չկա։ 2021-ին դա առաջանագիծն էր, 2022-ին՝ գիտարբուքը, 2023-ին ապրումակցումը։ Չնայած Լեզվի կոմիտեն 2025-ի համար բառ չի առանձնացրել, տարվա քաղաքական, հասարակական խոսույթի մեջ մի քանի բառ, եթե ոչ միլիոնավոր, ապա տասնյակ հազարավոր անգամներ են կրկնվել։ Այսպես, Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթում ամենաշատը հնչել են խաղաղություն, դիվերսիֆիկացիա բառերը։

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է»։

Ի տարբերություն արտաքինի՝ ներհայաստանյան  խոսույթում գերակշռել են բացասական իմաստով բառերը․ օտարերկրա ազդեցություն, հիբրիդային պատերազմ, հեղաշրջման փորձ։ Անցնող տարին առանձնացել է նախորդներից նաև եկեղեցու ու հավատի  մասին անհամեմատ շատ հիշատակումներով։ Բայց այդ հիշատակումներն ավանդական չեն եղել, այլ քննարկվել են իշխանություն- եկեղեցի առճակատման համատեքստում։

2025-ի գրեթե սկզբից ուշադրության կենտրոնում է նաև 2026-ի ընտրություններին ընդառաջ օտարերկրա ազդեցությունների ու հիբրիդային հարձակումների թեման։ Օտարերկրա՝ ռուսական ազդեցության հետ կապվող գործարարներից մեկի՝ Սամվել Կարապետյանի արտահայտություններից մեկը՝ «Մեր ձևով»-ը, անգամ դարձավ քաղաքական նոր հայտի խորագիր։ 

Տարվա գլխավոր հերոսը՝ արհեստական բանականությունը «Ռադիոլուր»-ի խնդրանքով 2025-ը Հայաստանի համար մի քանի բառով այսպես է նկարագրել։

«Անորոշ, որովհետև վաղվա մասին հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Հարմարվող, քանի որ մարդիկ սովորել են ապրել արագ փոփոխություններում։ Բևեռացված, որովհետև նույն իրադարձությունը հանրության տարբեր խմբեր տարբեր կերպ են տեսնում։ Եվ համառ, քանի որ Հայաստանի հասարակության մեջ կյանքը շարունակելու, աշխատելու, սիրելու կամք ու համառություն կա»։

Տարվերջյան ամփոփիչ թողարկման այս րոպեներին 2026-ի մասին՝ ամենաբնորոշ բառերով պատմելու անկեղծ ու հանդուգն ցանկությամբ՝ Անահիտ Սվարյան Ռադիոլուր։ 

Leave a Comment