Ֆուտբոլային հեղափոխություն․ օֆսայդի կանոնը կարող է արմատապես փոխվել հունվարի 20-ին

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) հունվարի 20-ին Լոնդոնում կայանալիք ժողովի ընթացքում մտադիր է քննարկել խաղից դուրս վիճակի որոշման կանոնների փոփոխության հարցը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Նշվում է, որ նոր կանոնի հաստատման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2026/27 մրցաշրջանից։

Փոփոխությունների նախաձեռնողը «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն է, ով այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնը։ Նա առաջարկում է խաղից դուրս չհամարել այն դրվագը, երբ հարձակվողի մարմնի որևէ մաս (որով հնարավոր է գոլ խփել) գտնվում է նախավերջին պաշտպանի հետ հավասար գծի վրա կամ նրանից հետ։

Հիշեցնենք, որ գործող կանոնակարգով՝ խաղից դուրս վիճակ է արձանագրվում, եթե փոխանցման պահին հարձակվողի մարմնի որևէ մաս (որով կարելի է գոլ խփել) մրցակցի դարպասին ավելի մոտ է, քան նախավերջին պաշտպանվող ֆուտբոլիստը (ներառյալ դարպասապահը)։

Leave a Comment