Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի

Հասարակություն

30.12.2025 | 21:41

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման դեմ։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի և գրավի։ Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարել էր և Կարապետյանի նկատմամբ ընտրել խափանման միջոց կալանքը, որն օգոստոսի 15-ին ևս 2 ամսով երկարաձգվել էր։ Ավելի ուշ նրան առաջադրվել էր նաև փողերի լվացման մեղադրանք, իսկ շաբաթներ առաջ մեղադրանքը փոփոխվեց և լրացվեց. Սամվել Կարապետյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։

Leave a Comment