ՌԴ-ում շիզոֆրենիայի դեմ գերմանական դեղամիջոցի դեֆիցիտ է առաջացել

Շիզոֆրենիայի, փսիխոզի, երկբևեռ խանգարման և այլ հոգեկան հիվանդությունների դեմ ամենատարածված դեղամիջոցներից մեկը՝ Сероквель-ը, սկսել է անհետանալ ռուսական դեղատների դարակներից: Այս դեղամիջոցի իրավունքները պատկանում են գերմանական Cheplapharm ընկերությանը, հաղորդել է «Կոմերսանտ»-ը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ստուգվել են Մոսկվայի և այլ քաղաքների հայտնի դեղատները, այդ թվում՝ Ռիգլան, Ստոլիչկին, Նեոֆարմը, Գորզդրավը և 36.6-ը, պարզվել է, որ հակափսիխոտիկ դեղամիջոցն այլևս հասանելի չէ բոլոր դեղատներում՝ հայտնի 25 մգ և 100 մգ դեղաչափերով։ Այն պատվիրելը խոշոր առցանց հարթակներում, ինչպիսիք են Еаптека-ն և  Здравсити-ն, նույնպես գործնականում անհնար է։

Сероквель-ը կվենտիապինի վրա հիմնված դեղամիջոց է, մշակվել է 1990-ականներին բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից: Ռուսաստանում այն ​​գրանցված է որպես կենսականորեն կարևոր դեղամիջոց: 2019 թվականին AstraZeneca-ն դրա եվրոպական իրավունքները փոխանցեց Գերմանիայի Գրայֆսվալդ քաղաքում գտնվող Cheplapharm ընկերությանը: Ռուսաստանում այս դեղամիջոցի գրանցման վկայականները գերմանական ընկերությանը փոխանցվել են միայն 2025 թվականի ամռանը։

Մատակարարման խափանումը պայմանավորված է դեղերի արտադրության տեղափոխմամբ, «Կոմերսանտ»-ին բացատրել է ռուսական «Ֆարմագեյթ» ընկերության ներկայացուցիչ Աննա Յավորսկայան։ Նրա խոսքով՝ դեղամիջոցի դեղագործական բազան Բելգիայում է, պատրաստի դեղամիջոցը՝ Չինաստանում, իսկ փաթեթավորումը՝ Մեծ Բրիտանիայում։

«Դեղերի արտադրությունը մեկ երկրից մյուսը տեղափոխելու գործընթացն արագ չէ և կարող է տևել մեկ տարուց ավելի»,- բացատրել է Յավորսկայան:

Ըստ նրա՝ գերմանական Cheplapharm ընկերությունը նամակ է ուղարկել Ռոսզդրավնադզորին (Առողջապահության վերահսկողության դաշնային ծառայություն)՝ Ռուսաստանում դեղամիջոցի վաճառքի խնդիրների պատճառների վերաբերյալ։

«Կոմերսանտի» հետ զրուցած բժիշկները հայտնել են, որ Сероквель-ն ունի բազմաթիվ անալոգներ, և դրանց անցումը, ընդհանուր առմամբ, «սահուն է ընթանում»: Այնուամենայնիվ, այլ դեղամիջոցների օժանդակ նյութերը կարող են տարբերվել բնօրինակից, ինչն ազդում է դեղամիջոցի արդյունավետության վրա։

DW-ն դիմել է  Cheplapharm Arzneimittel հետ՝ իր սեփական հարցումով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment