Մահացել է Վերա Ալենտովան — Հայաստանի Հանրային Ռադիո

83 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Վերա Ալենտովան։ Նա հանդիսատեսին հայտնի է իր «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմով, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն։

«Վերա Վալենտինովնա Ալենտովան մահացել է։ Նա 60 տարի ծառայել է Պուշկինի թատրոնում։ Մեր վիշտն անսահման է», — ասված է Պուշկինի թատրոնի հրապարակած մահախոսականում։

Վերա Ալենտովայի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Պուշկինի թատրոնում։

Ալենտովան ծնվել է 1942 թվականի փետրվարի 21-ին, Արխանգելսկի մարզի Կոտլաս քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի դպրոցը, իսկ ավելի ուշ ընդունվել է Պուշկինի թատրոնի թատերախումբ։ 2009 թվականից ղեկավարել է ՎԳԻԿ-ի դերասանական և ռեժիսուրայի արվեստանոցը։

Դերասանուհին նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Վաղը պատերազմ էր» (1987), «Շիրլի-Միրլի» (1995), «Աստվածների նախանձը» (2000), «Բալզակի դարաշրջան, կամ բոլոր տղամարդիկ սրիկաներ են…» (2004), «Անվերջ ճանապարհ» (2014) և այլն։
1992 թվականին Ալենտովան արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման։

Leave a Comment