Առողջապահության նախարարությունը զգուշացնում է․
Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է։
Վարակի հիմնական աղբյուրներն են շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները։
Վարակումը հնարավոր է հիվանդ կենդանու՝
- կծելու.
- ճանկռելու.
- վնասված մաշկը թքոտելու միջոցով։
Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կարող է տատանվել 1 շաբաթից մինչև 1 տարի և պայմանավորված է վնասվածքի/կծվածի տեղակայմամբ և ծանրությամբ։
Խորհուրդներ
- Կենդանուց տուժելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես լվանալ վերքը օճառով և հոսող ջրով։
- Անհրաժեշտ է ընտանի կենդանիներին պատվաստել կատաղության դեմ։
Զերծ մնալ թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։
Կարևոր է իմանալ
- Կատաղությունը առանձնահատուկ բուժում չունի։
- Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում։
- Կենդանուց տուժելու ցանկացած դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության՝ հակակատաղության կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար։
Կատաղության դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, անվճար հիմունքներով։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին կարող եք դիմել հետևյալ բժշկական կենտրոններ․
Երեխաների համար
- «Արաբկիր» բժշկական համալիր
- «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
- «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն
- «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
Մեծահասակների համար
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
- «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
- «Էրեբունի» բժշկական կենտրոն
- «Աստղիկ» բժշկական կենտրոն
- «Շենգավիթ» բժշկական կենտրոն