Բուռն ընտրական տարի՝ նոր ռեկորդների ակնկալիքով․ ԿԸՀ-ն 2026-ին նոր գործիքներով կվերահսկի սոցցանցային քարոզչությունը

2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԿԸՀ-ն խստացնելու է վերահսկողական մեխանիզմները հատկապես համացանցային քարոզչության նկատմամբ՝ գործակցելով միջազգային գործընկերների հետ ու կիրառելով նոր գործիքներ։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ 2026-ին, բացի հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից, նախատեսված է ՏԻՄ ընտրություն 46 համայնքում, այդ թվում՝ 9 մարզկենտրոնում։ Հովակիմյանը չի բացառել, որ 2026-ին կգերազանցվի 2021-ի ռեկորդը, երբ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին ամենամեծ թվով քաղաքական ուժերը։

2026-ը բուռն ընտրական տարի է լինելու՝ վստահ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հաջորդ տարի նախատեսված են և՛ Ազգային ժողովի, և՛ 46 համայնքի ՏԻՄ ընտրություններ։ Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են ԱԺ լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 60, և ոչ ուշ, քան 50 օր առաջ։ Սա, մանրամասնում է Հովակիմյանը, հունիսի 2-ից 12-ն ընկած միջակայքն է․

«Իմ նշած ժամը ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է»։

«Ռադիոլուր»-ի հարցին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի թվի վրա ինչպես կանդրադառնան օրենսդրական վերջին փոփոխությունները, որոնցով կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5 %-ից իջել է 4-ի, Հովակիմյանը  չբացառեց, որ 2026-ին կգերազանցվի 2021-ի ռեկորդը, երբ գրանցվել էր համապետական ընտրություններին քաղաքական ուժերի ամենամեծ մասնակցությունը։  

«Մինչև 3 կուսակցության դաշինքների անցողիկ շեմը լինելու է 8%-ից ավելի։ Կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմը դառնալու է 10%։ Ընտրական գրավը կուսակցությունների դեպքում 10 միլիոնից իջել է 75-ի, իսկ դաշինքների դեպքում՝ 15 միլիոնի։ Այս կարգավորումը ենթադրում է, որ կուսակցություններն ավելի շատ կնախընտրեն առանձին մասնակցել, և ես, օրինակ, զուտ լրահոսին հետևելով, տեսնում եմ, որ արդեն առանձին դեպքերում կուսակցությունների միավորման լուրեր են հանդիպում։ Ենթադրում նաև՝ այս կարգավորումներով պայմանավորված, քաղաքական ուժերն էլ են արդեն նոր իրողությունների շրջանակներում նախապատրաստվում»։

2021-ին խորհրդարան մտնելու քաղաքական հայտ էր ներկայացրել 34 կուսակցություն։ 2026-ի ընտրությունները, Հովակիմյանի խոսքով, պակաս մրցակցային չեն լինի։ «Ռադիոլուր»-ի հաջորդ հարցին, թե ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկները որքանո՞վ են նպաստել խախտումների վերացմանը, Հովակիմյանը պատասխանում է․

«Ըստ էության, տեղամասի խախտումների 90 %-ը բացառվել են, որովհետև ընդհանրապես ներկայում խախտումները կարող են լինեն զուտ թերի գիտելիքներով պայմանավորված, որովհետև որևէ մեկը չի ցանկանում դատվել»։

ԿԸՀ նախագահը վստահեցնում է՝ հնարավորինս օպերատիվորեն են արձագանքում բոլոր ահազանգերին։ Եթե ոչ նույն րոպեին, ապա ժամերի ընթացքում են արձանագրում  ոչ իրավաչափ դեպքերը։ Ասվածն ապացուցելու համար Հովակիմյանը ներկայացնում է 2025-ին երեք համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների ընթացքը։  

«Օրինակ՝ Գյումրիի ընտրությունների հետ կապված թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ստացվել է 7 դիմում, այսինքն՝ ողջ ընտրությունների ընթացքում, ու սա եղել է մինչև քվեարկությունը, սա էլ արձանագրենք։ Բնականաբար, ինչպես նշեցի, բոլոր հարցերը արագ օպերատիվ լուծում են ստացել»։

Արձանագրված խախտումներից Հովակիմյանն առանձնացնում է այն, որ դիտորդական մեկ կազմակերպությունը մյուսին մեղադրում էր քաղաքական չեզոքությունը խախտելու համար, ինչը քննարկման առարկա է դարձել հանձնաժողովի նիստում։ Հովակիմյանը անուններ չի տալիս, բայց ընդգծում է, որ առաջիկայում այս տեսանկյունից ևս ուշադիր ու հետևողական են լինելու, քանի որ  Ընտրական օրենսդրությամբ սահմանված է, որ քաղաքականությամբ զբաղվող անձը չի կարող նաև դիտորդ լինել։

«Բոլորն ազատ են զբաղվել քաղաքականությամբ և շատ լավ են անում, որ զբաղվում են։ Ես դա ասել եմ նաև նիստում։ Բայց երբ զբաղվում ես քաղաքականությամբ, գալիս, որպես դիտորդ, հավատարմագրվում ես, և հավատարմագրվելու և քաղաքական ելույթի օրերի տարբերությունը ընդամենը մեկ օր է, երբ համացանցով հարցազրույցը տարածվում է։ Օբյեկտիվորեն արդեն տպավորություն է, որ քաղաքական գործիչը դիտորդ է»։

Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե Հովակիմյանը նախկինում իշխող ուժի ներկայացուցիչն էր խորհրդարանում, և նրա նախկին գործունեությունը կարող է ազդել ներկա լիազորությունների վրա, ապա Հովակիմյանը բացառում է իր կողմից քաղաքական հայտարարությունները կամ միջամտությունը ընտրություններին որևէ փուլում․

«Բերեք մեկ օրինակ։ Տեղի են ունեցել Երևանի ավագանու ընտրություններ, բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, որոնք քաղաքական լուրջ մրցակցային են եղել, բերեք մեկ օրինակ, որտեղ ոչ միայն ես, այլ սուբյեկտիվ, այսինքն՝ չոր մոտեցում է դրսևորել։ Այ, որ էդպես չէր լինի, եթե, օրինակ, Վահագն Հովակիմյանը չլիներ նախագահ։ Չեք կարող նման որևէ դեպք մատնանշել։ Ավելին, ապագայում էլ չի լինելու նման դեպք»։

2026-ի ընտություններին ընդառաջ ԿԸՀ-ն ուժեղացնելու է վերահսկողական գործառույթը հատկապես համացանցային քարոզչության նկատմամբ, գործակցելու է միջազգային գործընկերների հետ ու կիրառելու է նոր գործիքներ․

«Ներկայում  համացանցում քարոզչությունը, վճարովի քարոզչությունը տեղի է ունենում, կարելի է ասել հախուռն, և մեր նույն ՎՎԾ-ի համար արդյունավետ է, օրինակ, իրականացնել ամբողջ մոնիտորինգը և համեմատել կուսակցությունների ներկայացրած հաշվետվությունների հետ։ Նկատի ունեմ, որ ֆիզիկապես, երբ մարդը դա իրականացնի, անհնար է, ամբողջությամբ ծածկել։ Բայց կան լիցենզիոն ծրագրեր, այսինքն՝ մենք վճարովի ծրագրեր ենք ձեռք բերում, որոնք հնարավորություն են տալիս՝ գովազդային բաց հարթակներում տեղադրված գովազդները մոնիտորինգի ենթարկել»։

Հովակիմյանը նկատում է՝ 2025-ին նախատեսված չէին ՏԻՄ ընտրություններ, սակայն երեք համայնքում՝ Փարաքարում, Գյումրիում և Վաղարշապատում, դրանք անցկացվեցին, ու արդյունքները դատական կարգով չեն բողոքարկվել։ 2026-ին 46 համայնքում  անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, որոնցից 9-ը՝ մարզկենտրոններում՝ Աշտարակում, Արտաշատում, Արմավիրում, Գավառում, Վանաձորում, Հրազդանում, Կապանում, Եղեգնաձորում, Իջևանում։ Բացառություն է Գյումրին։

ՏԻՄ ընտրությունները գլխավորապես լինելու են համամասնական։ Բացառություն են մեկ տասնյակ համայնքները, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններով և խոշորացված չեն, հետևաբար ընտրությունները կլինեն մեծամասնական ընտրակարգով։ Դրանք Լոռու մարզի Ֆիոլետովո, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արագածոտնի մարզի Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ, Կոտայքի մարզի Արզնի համայնքներն են։  

«Երեկ մենք արդեն այս տարվա որոշմամբ ՏԻՄ ընտրությունների համար 3 օր ենք սահմանել՝ եկող տարվա աշնանը՝ սեպտեմբերի վերջին կիրակի, հոկտեմբերի վերջին կիրակին և նոյեմբերի վերջին կիրակին»։

Ամփոփելով 2025-ի աշխատանքը՝ Հովակիմյանն ընդգծում է, որ ԿԸՀ-ն ապրիլի կեսին ընդունել է 2025-2028 թվականների ընտրական զարգացման ռազմավարական պլանը։ Անցնող տարում առաջին անգամ անցկացվել է նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորումը։ Հովակիմյանի ձևակերպմամբ՝ ատեստավորումն էականորեն ազդել է հանձնաժողովի անդամների ոչ միայն գիտելիքների, այլև էթիկայի վրա։
2026-ի ընտրություններին ընդառաջ ԿԸՀ-ն կկազմակերպի հատուկ դասընթացներ նաև ոլորտը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Leave a Comment