Պատկերագիրքը ներկայացրել է Արցախի հուշարձանները, որոնք ոչնչացվում են Ադրբեջանի կողմից

Արցախի ներկայացուցչությունում կայացել է «Արցախ. վտանգված ժառանգություն, մաս 2» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը, որը կազմվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամում։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն, Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի (The Armenian Cultural Heritage Institute) գիտական խորհրդի անդամ, պատմական հուշարձանների հետազոտող Րաֆֆի Քորթոշյանը, «Արցախ. վտանգված ժառանգություն» պատկերագրքի առաջին մասը լույս էր տեսել 2023 թ եւ ներառում էր այն հուշարձանները, որոնք Արցախի 44-օրյա պատերազմից հետո անցել էին Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«1990-ականներից իմանալով, թե այն հուշարձանները, որ հայտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչ ճակատագիր են ունենում, արդեն պարզ էր, որ եղած հուշարձանները եւս վտանգված էին, ուստի պատկերագրքի առաջին մասով ներկայացրել էինք հենց Արցախի հենց այդ հուշարձանները: Գիրքը տպարանում էր, երբ եղավ 2023 թ. սեպտեմբերյան արհավիրքը, ուստի որոշեցինք երկրորդ մասով էլ ներկայացնել 2023թ սեպտեմբերից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած եւ վտանգված հուշարձանները:

Ընդ որում, պատկերագրքի առաջին մասի նախաբանում փաստագրված դրել էինք, թե ինչ մտավախություններ ունենք՝ հուշարձանների ոչնչացվելու հետ կապված: Նախորդ փորձը ներկայացրել էինք QR կոդերով, թե ինչպես է Ադրբեջանն ավերում Արցախի պատմամշակութային ժառանգությունը: Պատկերագրքի երկրորդ մասի նախաբանում այն հուշարձաններն են, որոնք 2023թ հրատարակված առաջին մասում արդեն ներկայացրել էինք որպես վտանգված, բայց դրանից հետո արդեն ոչնչացված էին: Ներկայացված են բոլոր այն հուշարձանները, որոնք եւս վտանգի տակ են»,-ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատնօրենը:

Րաֆֆի Քորթոշյանն ընդգծեց, որ պատկերագիրքը փաստացի այդ հուշարձանների գոյությունը փաստող վկայական է. «Օրեցօր հուշարձաններն ավերվելու են, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր այս գործողությունները, իսկ պատկերագիրքն իրական տեղեկություններ է պարունակում, թե ինչպես է Ադրբեջանն ավերում իր վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքների պատմամշակութային ժառանգության նմուշները»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment