«Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործի շրջանակներում նրա հայտնի՝ «եթե քաղաքական ուժերը չհաջողեն, մենք էլ էր մեր ձեւով կպաշտպանենք եկեղեցին» տեսանյութի հետ կապված, ես տվել էի լեզվաբանական կարծիք, որտեղ հիմնավորել էի, որ այդ ամբողջ գրահյուսն իր մեջ չի պարունակում կոչ, դրանք դատողություններ են՝ ապառնի գործողությունների վերաբերյալ: Ընդհանրապես ընդունված հայեցակարգով, այո, քննիչները կարող էին կանչել պարզաբանում ստանալու համար՝ դատարանում իրենց կարծիքը ներկայացնողներին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանը: Լեզվաբանին գործարար Սամվել Կարապետյանի խոսքերի վերաբերյալ նեղ մասնագիտական կարծիք տալու համար 3 ժամից ավելի պահել են Քննչական կոմիտեում:
«Ես կարծում էի, որ դա կտեւի մի 15-20 րոպե, եւ կավարտվի առաջին հարցերով: Առաջին հարցերը շատ առարկայական էին, ինձանից հետաքրքրվեցին, թե ինչպիսի լեզվաբանական գրականությունից եմ օգտվել, ես դա մանրամասն շարադրել եմ, բացատրել եմ, թե որոնք են եղել այն գրքերը, որոնց հիման վրա կատարել եմ ձեւաբանական, շարահյուսական, ոճագիտական իմ արձանագրումները: Բայց ճիշտն ասած՝ եղան այլ հարցեր եւս, որոնց մասին, ցավոք սրտի, հիմա լիակատար ծավալով չեմ կարող խոսել, որովհետեւ ինձ զգուշացրին, որ նախաքննությունն ավարտված չէ, նախաքննական գաղտնիք է: Ու ես որպես օրինապահ մարդ՝ այժմ լռում եմ»,-նշեց Դիլբարյանը:
Նրա խոսքով, գրողներից մեկը՝ գրականագետ Վանո Եղիազարյանը ոչ միայն հարցաքննվել էր, այլեւ նրա տունը խուզարկել էին, առգրավել հեռախոսն ու համակարգիչը, ինչն իր համոզմամբ վտանգավոր նախադեպ է: «Դեռեւս չի եղել դեպք, որ լեզվաբանական կարծիք ներկայացնողների տունը խուզարկեն եւ հետեւողական փորձեն ինչ-որ ճշգրտումներ կատարել: Ակներեւ է, որ դրա նպատակն ինչ-որ ուղղորդումներ գտնելն էր: Բոլորը գիտեն, որ լեզվաբանի կարծիքը դատարանի համար չունի վճռորոշ կամ տիեզերական նշանակություն, եւ եթե դա դատարանին չի համոզում, կարող են ընդհանրապես չհամաձայնել: Ի դեպ, դատարանում այդ կարծիքները հրապարակվել են, դրանք բոլորը գիտական վերլուծության սկզբունքի հիման վրա են, բայց թե իրավական տեսանկյունից դատարանն ինչպես կարող է դրանք դիտարկել, ոչ ոք չի կարող ասել:
Ես համոզված եմ, որ նման քայլերը իրականում ոչ միայն պատիվ չեն բերում մեր իրավապահ համակարգին, այլեւ կարող են շատ վատ նախադեպ ստեղծել մարդկանց հոգեբանորեն ճնշելու, նրանց մեջ խուճապ առաջացնելու առումով, որ վախենան ու մասնագիտական կարծիք չտան: Դա ինձ համար, անկեղծ ասած, ծայրահեղ զարմանալի էր: Եվ զարմանալի էր, որ փորձում էին համոզել, որ ես ուղղորդվել եմ: Ես ոչ մի բանով չեմ ուղղորդվում, բացի մասնագիտական գիտելիքներից եւ հաստատված գիտական ճշմարտություններից»,-ընդգծեց Նարինե Դիլբարյանը:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, որ կատարվածի վերաբերյալ ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե նողկանք է զգում կատարվածից, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ ձեռնպահ կմնա մեկնաբանություն անելուց, քանի որ շատ բաներ նախաքննական գաղտնիք են համարվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: