Որոշ գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների համար կսահմանվի ներմուծման քվոտաների ծավալների բաշխում․ որոնք են այդ տեսակները

Դեկտեմբերի 25-ի կառավարության նիստում քննարկվելու է ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային համակարգից։ 

Ո՞րն է նախագծի նպատակը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի N 89 որոշման պահանջների ապահովում, գործարար միջավայրի բարելավում:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների  նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի N 89 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:

Անհրաժեշտությունը

Հիմք է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի N 89 որոշումը և անհրաժեշտություն է առաջացել իրականացնել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների (խոշոր եղջերավոր անասունների միս, խոզի միս,  ընտանի թռչունների միս և կաթնային շիճուկ) Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխումը:

Նշենք, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վերոնշյալ  գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի      N904 – Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան։

Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

  • Նախագիծը  բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,
  • ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով։

Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտեգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսվարման պայմանները, ընդլայնել համագործակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար:

Բյուջետային ազդեցությունը

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

Leave a Comment