Դեկտեմբերի 25-ի կառավարության նիստում քննարկվելու է ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային համակարգից։
Ո՞րն է նախագծի նպատակը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի N 89 որոշման պահանջների ապահովում, գործարար միջավայրի բարելավում:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի N 89 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:
Անհրաժեշտությունը
Հիմք է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի N 89 որոշումը և անհրաժեշտություն է առաջացել իրականացնել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների (խոշոր եղջերավոր անասունների միս, խոզի միս, ընտանի թռչունների միս և կաթնային շիճուկ) Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխումը:
Նշենք, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վերոնշյալ գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N904 – Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան։
Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
- Նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով։
Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտեգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսվարման պայմանները, ընդլայնել համագործակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար:
Բյուջետային ազդեցությունը
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։