24 դեկտեմբերի 2025 – 11:14 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է ՀՀ դեսպանատունը։
Նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի, ինչպես նաև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության և ստորագրված փաստաթղթերի համար։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության և վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։
Թրամփը հատուկ ընդգծել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդական դերակատարումը և նրա նշանակալի մասնակցությունը ձևավորված խաղաղության գործընթացում։
ԱՄՆ նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել է նաև անձնական մակագրությամբ նվեր՝ որպես բարձր գնահատանքի խորհրդանիշ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։