Լիբիայի գլխավոր շտաբի պետը մահացել է Թուրքիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով

Լիբիայի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադադին տեղափոխող ինքնաթիռը երեքշաբթի երեկոյան՝ Անկարայից թռիչքից կարճ ժամանակ անց, վթարի է ենթարկվել Թուրքիայում։ Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան հաստատել է նրա մահը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան սոցիալական ցանցերում հայտնել է, որ ժամը 20:10-ին Անկարայի օդանավակայանից Տրիպոլի մեկնած Falcon 50 ինքնաթիռի հետ կապը կորել է ժամը 20:52-ին։

Նրա խոսքով՝ բեկորները հայտնաբերվել են Հայմանա շրջանի Քեսիկկավակ գյուղից երկու կիլոմետր հարավ։ Նախարարը հայտնել է, որ ինքնաթիռը արտակարգ վայրէջք է խնդրել Հայմանա շրջանում, սակայն դրանից հետո ինքնաթիռի հետ կապը չի վերականգնվել։

Օդանավում եղել է հինգ ուղևոր, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ ալ-Հադադը։

Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան հաստատել է Լիբիայի բանակի շտաբի պետի մահը։

Նա նաև հայտնել է, որ ինքնաթիռում են եղել Լիբիայի ցամաքային ուժերի հրամանատարը, ռազմական արտադրության վարչության տնօրենը, ինչպես նաև շտաբի պետի խորհրդականն ու լուսանկարիչը։

Ինքնաթիռի վթարի պատճառը դեռևս պարզված չէ։

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել ամբողջ երկրում։

Ռոյթերսի հաղորդմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր Հադդադի այցի մասին՝ հայտնելով, որ նա հանդիպել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, Գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուի և այլ թուրք զինվորական ղեկավարների հետ։

Վթարը տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի կողմից Լիբիայում թուրքական զորքերի տեղակայման մեկամյա մանդատ սահմանող նախագահական հրամանագրի նախագծի հաստատումից մեկ օր անց։ Առաջարկը ներկայացվել էր խորհրդարան ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարության ռազմական օգնության խնդրանքից հետո։

Երկրում իշխանությունը բաժանված է արևելքի և արևմուտքի միջև։ Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Տրիպոլիում գտնվող կառավարությանը։ Միևնույն ժամանակ, թուրքական իշխանությունները վերջերս ակտիվացրել են կապերը արևելյան Լիբիայի հետ, որտեղ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը կարևոր դեր է խաղում։

2020 թվականին Անկարան զինվորականներ էր ուղարկել երկիր՝ կառավարական ուժերին աջակցելու համար, և կնքել էր ծովային սահմանազատման համաձայնագիր, որը վիճարկում են Եգիպտոսը և Հունաստանը։ 2022 թվականին Անկարան և Տրիպոլին նաև նախնական համաձայնագիր են ստորագրել էներգետիկ հետախուզության վերաբերյալ, որին դեմ են նաև Եգիպտոսը և Հունաստանը։

Leave a Comment