Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում կրակոցների և շարունակվող բախումների ժամանակ վերջին օրերին 16 քաղաքացիական անձ է վիրավորվել։ Այս մասին հաղորդել է Մարդու իրավունքների սիրիական դատարանը։ Մեկ օր առաջ հաղորդվեց երկու սպանվածի մասին։ Այսօր Սիրայում իրավիճակը հանդարտ է, բայց դեռ երեկ երկրի ժամանակավոր կառավարությանը ենթակա ուժերի և ներքին անվտանգության ուժերի միջև ինտենսիվ բախումներ էին ընթանում։ Մարտերի ժամանակ նույնիսկ ծանր զինտեխնիկա էր կիրառվել։ Բնակչության շրջանում դա կեղծ խուճապ էր առաջացրել։ Ի դեպ, մարտերն ընթանում էին հայաբնակ վայրերին մոտ։
Սիրիայի ժամանակավոր կառավարությանը ենթական ուժերի և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև վերջին օրերին ընթացող բախումներից հետո այդ երկրում կյանքը բնականոն հուն է մեջ է մտնում։ Այս լուրը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում հաստատում է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյանը․
«Այո՛, հանդարտ է հիմա կյանքը, երևի քիչ-քիչ բնականոն հուն կվերադառնա կյանքը։ Այլ բան չեմ կարող ասել, հիմա հանդարտ է։ Այսօր արդեն պետական գրասենյակները թե դպրոցները ամեն տեղ փակ են՝ երեկվա այդ խառնակ վիճակից հետո, որ բախումներ էին։ Հուսամ՝ այդպես էլ կշարունակվի։
Ընդհարվող կողմերի ինչ-ինչ հաշիվներով և կամ բանակցությունների արդյունքով ինչ կստացվի, չեմ կարող ասել, բայց առայժմ՝ երեկ գիշերվանից, ավելի հանդարտ է և բնականոն վիճակը քիչ-քիչ կվերադառնա։ Անշուշտ, այդ ցնցումը ժողովուրդի վրա ազդեց, խանութները փակվեցին, քաղաքը ամայացավ, կրակոցների ձայները, ռմբակոծումների ձայները, այդ բոլորը իրենց ազդեցությունն ունեն, բայց հիմա ամեն բան հանդարտ է»։
Սիրիայի կառավարական ուժերը և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերը Հալեպում տեղի ունեցած բախումներից հետո հրադադարի համաձայնության են հանգել։
Դեկտեմբերի 23-ը Հալեպում ոչ աշխատանքային օր է հայտարարվել, քանի որ սպանվածներ ու վիրավորներ կան։Հալեպի հյուսիսային թաղամասերի հրետակոծությունից տասը մարդ էր վիրավորվել, երկուսը զոհվել էին։
Ինտենսիվ փոխհրաձգությունների պատճառով քաղաքի Աշրաֆիե և Շեյխ Մաքսուդ թաղամասերի ծայրամասերի բնակիչները ստիպված են եղել հեռանալու իրենց տներից։
Սիրիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ քուրդ աշխարհազորայինները հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա։ Անվտանգության ծառայության երկու աշխատակից և քաղաքացիական պաշտպանության երեք փրկարար վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Իր հերթին քրդամետ Սիրիական ժողովրդավարական ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ իրենց մարտիկներն արձագանքել են Սիրիայի պաշտպանության նախարարությանը կից զինված խմբավորումների սադրանքներին։
Սիրիական ժողովրդավարական ուժերի և անցումային կառավարության զինված ուժերի միջև ինտենսիվ փոխհրաձգություն վերջին անգամ եղել էր հոկտեմբերի 26-ին Հալեպում և Դեր Զորում։
Դրանից հետո Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդին և Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան հանդիպել էին Դամասկոսում և համաձայնության հանգել անհապաղ հրադադար հաստատելու։
Ժիրայր Ռեիսյանը կարծում է, որ բախումների պատճառներից մեկը արտաքին միջամտությունն է․
«Հանդարտությունը կշարունակվի, եթե արտաքին միջամտություններ չլինեն։ Ավելի ճիշտ՝ սիրիական հարցում, եթե արտաքին ուժերի այդ միջամտությունները կամ իրենց շահերը չլինեին, Սիրիան այս վիճակում չէր հայտնվի։
Իրականում հայերը մի մասն են, մի մասնիկն են Սիրիայի։ Հայության նկատմամբ որևէ կեցվածք չկա, վնասելու տրամադրություն չկա՝ ո՛չ կառավարության և ո՛չ էլ քրդական ուժերի կողմից, սակայն եթե ուշադիր չլինենք, կարող ենք զոհ գնալ այս իրադարձություններին։
Այնպես որ, համայնքն էլ իր հերթին հորդորում է զգույշ լինել։ Այդ բախումները մոտ էին հայկական բնակչության շրջաններին, բայց բարեբախտաբար մինչև այս պահը ոչ մի դժվարություն կամ հարց չկա, վնաս չկա»։
Սիրիահայերի «Գանձասար» պարբերականը Հալեպի հայերին կոչ էր արել բախումների ժամանակ տանը մնալու։
Հալեպի նահանգապետ Ազզամ ալ Ղարիպը մարդկանց հորդորել էր խուսափել մարտական գործողությունների շրջաններին մոտենալուց՝ վտանգից հեռու մնալու համար, կոչ արել խուսափելու քաղաքի կենտրոն տանող ճանապարհներից։
Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ–ն զգալի ճնշում է գործադրել քրդամետ Սիրիայի դեմոկրատական ուժերի և Սիրիայի կառավարության վրա դադարեցնելու համար բախումները։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ այս իրադարձությունները միտված են Սիրիայի դեմոկրատական ուժերին պարտադրելու, որ կատարեն դեռևս այս տարվա մարտի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Փորձագետը սոցցանցում հիշեցնում է, որ այդ պայմանավորվածության համաձայն՝ քրդական ուժերը պետք է ինտեգրվեն Սիրիայի ԶՈՒ-ին, իսկ տարածքների վերահսկողությունը՝ աստիճանաբար փոխանցեն կենտրոնական կառավարությանը։ Արմեն Պետրոսյանը նշում է, որ այդ համաձայնություննները չէին իրականացվում հիմնականում Սիրիայի կառավարության ունեցած բազմաբնույթ խնդիրների և Իսրայելի միջամտության պատճառով։
Ըստ փորձագետի՝ Սիրիայում ընթացող իրադարձություններին կրկին փորձում է միջամտել Թուրքիան, որպեսզի խթանի իր համար կենսական նշանակության խնդիրների լուծումը։
Այս համատեքստում չի բացառվում նաև Անկարայի ռազմական աջակցությունը Դամասկոսին, եթե քրդական ուժերը դեմ լինեն խաղաղ լուծմանը։