Դրամի նկատմամբ վստահությունը մեծանում է — Հայաստանի Հանրային Ռադիո

Դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է: Մասնավորապես, 2025 թ․ հոկտեմբերին ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությամբ գնահատվող դոլարայնացման մակարդակը Հայաստանում կազմել է շուրջ 34 %։ Բանկային համակարգի ընդհանուր ավանդները ինն ամսվա տվյալներով ավելացել են 11 տոկոսով։ 2024–ի համեմատ դրամային ավանդները ավելացել են մեկ տոկոսով։

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է՝ տեղեկացնում են Կենտրոնական բանկից։ Ըստ վիճակագրության, 2025 թ․ հոկտեմբերին ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությամբ գնահատվող մակարդակը կազմել է 34.2%։ Սա հայկական դրամի և ֆինանսական համակարգի կայունության նկատմամբ հասարակության վստահության կարևոր ցուցանիշ է՝ ընդգծում է գլխավոր դրամատան նախագահ Մարտին Գալստյանը․

«Կարծում եմ, որ սա ոչ թե պահի տակ մեր կողմից ինչ–որ քաղաքականության իրականացման արդյունքում հանրության մոտ առաջացած հետաքրքրություն է, այլ ուզում եմ հավատալ, որ սա երկարաժամկետ քաղաքականության նկատմամբ վստահության արդյունք է։ Շատ երկրներում մենք տեսել ենք, որ ինքը ունի ոչ գծային վարքագիծ, այսինքն՝ հասարակությունը, որպես կանոն, սկզբից լինում է բավականին կասկածամիտ, ինքը միշտ մտածում է, որ իրականացված քաղաքականությունները ռևերս են արվելու կամ ինչ–որ տհաճ բան է տեղի ունենալու իրանց հետ, որ իրենց թույլ չի տալու վստահելու, հավատալու քաղաքականությունների։ Բայց ինչ–որ պահից սկսած աշխարհի տարբեր երկրներում, օրինակ՝ Իսրայել, Պերու, Ռուսաստան և այլն, մենք տեսնում ենք, որ ազգային արժույթի նկատմամբ վստահությունը գնալով բավականին աճում է»։

Կենտրոնական բակի իրականացրած խոհեմ քաղաքականության արդյունքում ձեռք է բերվել վստահության մակարդակ, որ քաղաքացիները խնայողությունները ազգային արժույթով են պահում՝ եզրակացնում է Մարտին Գալստյանը։

«Անհատի պարտավորությունների մասից ածանցված է ակտիվային մասի դիվերսիֆիկացիան լինում։ Եթե ես ունեմ երեխա, որը սովորում է արտասահմանում, ու ես պիտի վճարները անեմ ամերիկյան դոլարով՝ իր ուսման համար, կամ չգիտեմ՝ ինչոր պարտավորություններ, որոնք ես պիտի իրականացնեմ, միգուցե ավելի խելամիտ է, որ ես բալանսավորում եմ ու ակտիվային պարտավորությունների մի մասը փակ եմ պահում։ Բայց եթե իմ ամբողջ կյանքը, իմ պարտավորությունների մասը հիմնականում առնչվում է Հայաստանի հետ, իմ տնտեսական շահի կենտրոնը Հայաստանն է, բնականաբար»։

ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը բացատրում է՝ դոլարով արվող գործարքնրը նվազել են։ Իսկ սա դրամի նկատմամբ վստահության ցուցիչ է։ Երկարաժամկետ տնտեսական ռազմավարության շրջանակում սա ևս կարևորում է տնտեսագետը․

«Միշտ էլ տնտեսվարողները մտահոգություն են ունենում՝ եվրոյով, թե այլ արժույթով իրականացնել գործարքները։ Բնակչությունը նույնպես ավանդների, խնայողությունների տեսանկյունից միշտ ունենում է մտահոգություն։ Եվ սա, իսկապես, կարևոր քայլ է, որը նշանակում է, որ բնակչությունը արդեն վստահում է դրամին, նախկինում էլ, բնականաբար, դա կար, բայց հիմա վստահելիության ցուցանիշը բարձրացել է։ Այս շրջանակում, իհարկե, կարելի է արդեն ռազմավարության վրա ավելի լուրջ ուշադրություն դարձնել և համապատասխան քայլեր իրականացնել»։

Տնտեսագետը կարևորում է ֆինանսական կայունությունը, նշում, որ վստահության պահպանման համար  նախ՝ անհրաժեշտ է, որ իսկապես թափանցիկությունը, հարկային վարչարարությունը  հանրային մակարդակում հասանելի լինեն, մարդիկ պատկերացնեն, տեսնեն այն գործողությունները, որ պետությունը իրականացնում է։ Բացի այդ, ըստ նրա, պետություն –տնտեսվարող կամ պետություն– մասնավոր հատված գործընկերությունը անհրաժեշտ է նոր փուլի հասցնել։

«Այս շրջանակում նույնպես, կարծում եմ՝ պետությունը անելիք ունի և քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա։ Իսկ ընդհանուր առմամբ, երկարաժամկետ կայունությունը նաև տարածաշրջանով է պայմանավորված։ Իսկապես, էստեղ մի շատ դեպքերում պետության դերը էսպես կարող է նկատելի չլինել, բայց մենք գտնվում ենք այնպիսի գործընթացների մեջ, որ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային խաղացողները Հայաստանի տնտեսվարողների հետ, բնակչության հետ պետք է կառուցեն և վստահաբար կկառուցեն այնպիսի գործընկերություն, որը  միտված կլինի երկար ժամանակահատվածին, միտված կլինի շարունակական գործընկերությանը»։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանում փողի խնդիր չկա, կա խոշոր նախագծեր իրականացնելու խնդիր, որտեղ ինչպես արտարժույթը, այնպես էլ հայկական դրամը կարող են տեղաբաշխվել ավելի մեծ ավելացված արժեք ստեղծելու և ավելի երկարաժամկետ հատվածում տեսանելի լինելու առումով։

Leave a Comment